Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժնում մարտի 23-ի երեկոյան հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Շեանվան գյուղում ապրող երեք տղամարդ։ Երկուսի վնասվածքը գլխին էր, մյուսինը՝ ձեռքին։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ տղամարդիկ հրազենային վնասվածքները ստացել են Շենավան գյուղի տարածքում, ավելի հստակ՝ Շենավանից Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 4 և 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ, որոնք առգրավվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի մասնակիցների շրջանակը։
Շենավանցի և Վանաձորցի մի խումբ տղամարդկանց պարզաբանումները վերածվել էին ծեծկռտուքի և հանգուցալուծվել կրակոցներով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են ու նախաքննական մարմնին հարցաքննության ներկայացրել են մի խումբ անձանց, որոնք, ըստ տեղեկությունների՝ դեպքի հետ առնչվում էին։ Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվել է նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը։ Խոսքը Վանաձորի բնակիչ Ա. Կարապետյանի մասին է։ 43-ամյա Կարապետյանին ոստիկանները հայտնաբերել են Վանաձորի Չուխաջյան փողոցի տներից մեկում և կասկածանքով բերման են ենթարկել բաժին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվել։
Կատարվածի բոլոր հանգամանքները, յուրաքանչյուրի դերակատարումը և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։