00:00:00

Կաշառքի գործ. Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց

18:40, 06 ապրիլ 2019 Իրավական

Դատավոր Գագիկ Հեբոյանին ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից: Նշենք, որ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, այն է` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելուն օժանդակելը: Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ այն բանի համար, որ նա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու դիմաց՝ 2019թ. մարտի 4-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.715.000 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար կաշառք: Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց ստանալ 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց եւ բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, որը նույն օրը այն փոխանցել է դատավորին: Մարտի 30–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու երկամսյա կալանքի որոշում կայացրել Գագիկ Հեբոյանի նկատմամբ։ Ապրիլի 3-ին կաշառքի օժանդակության համար կասկածվող փաստաբան Վահագն Դանիելյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր: Մեղադրանքից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդությունը, փաստորեն, բավարարվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր