Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայր) մերժել է «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով հարուցված քրեական գործը կասեցնելու մասին ՀՔԾ որոշման դեմ ներկայացված՝ տուժող լրագրողների բողոքը։
Հիշեցնենք, 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններից հետո, երբ քրեական գործ հարուցվեց, 21 տուժած լրագրողներից 3-ը դիմեցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ իրենց իրավունքների պաշտպանության համար:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «ԽԱՊԿ-ի փաստաբանները ներկայացրել են նրանց շահերն իրավապահ մարմինների հետ հարաբերություններում։ Կազմակերպությունը հետեւել է գործի ընթացքին՝ մշտապես հարցումներ ուղարկելով ՀՔԾ, ու արձանագրել նախաքննության անարդյունավետությունը:
Այս կապակցությամբ ԽԱՊԿ-ն աջակցել է լրագրողներին՝ բողոքով դիմել միջազգային ատյաններ: Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան: Թեեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն կոմունիկացրել էր (շրջանառության մեջ էր դրել) բողոքը, սակայն ի վերջո հորդորել էր նախ երկրի ներսում սպառել բոլոր հնարավորությունները:
Մինչդեռ, ՀՔԾ-ն, կասեցնելով քրեական գործը, մեկ անգամ եւս ապացուցեց, որ այն ամբողջությամբ բացահայտելու ցանկություն չունի։
«Վատ որոշում է,- արձագանքելով մեր խնդրանքին՝ մեկնաբանել դատարանի որոշումը, ասաց գործով զբաղվող ԽԱՊԿ փաստաբան Կարեն Տոնոյանը։- Գտնում եմ, որ դատարանի կողմից ՀՔԾ-ի կասեցման որոշումը պետք է վերացվեր եւ գործի նոր քննություն իրականացվեր, որովհետեւ այն բոլոր նյութերը, որ քննիչը ներկայացրել էր դատարան, եւս հիմնավորում էին, որ իրականացվել է թերի քննություն, որ անհրաժեշտություն կա շարունակելու քննությունն ու վերացնելու թերությունները»։