00:00:00

Վահե Հակոբյանը դատի է տվել լրատվամիջոցների․ հայցադիմումը թերի է եղել

16:54, 25 մարտ 2019 Իրավական

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի է տվել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, «Սյունյաց աշխարհ» և «Արմդեյ» լրատվականներին՝ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար։ Հայցվորը «Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակից՝ Fip.am-ից պահանջում է 2 միլիոն դրամի փոխհատուցում։ Վահե Հակոբյանը հերքման տեքստում առաջարկում է նաև ներողություն խնդրել իրենից։ Fip.am-ը 2018թ․ հոկտեմբերի 23-ին գրել էր, որ նախկին մարզպետը ստեղծել է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը, որի միջոցները գոյացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նվիրատվություններից։ Ըստ աղբյուրի՝ այդ միջոցներն ուղղվել են Վահե Հակոբյանի ու նրա կնոջ հետ փոխկապակցված կազմակերպություններին ու ընկերություններին։ Հակոբյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, աշխատել է նաև կոմբինատի հիմնական բաժնետեր «Քրոնիմետ» ընկերությունում։ Լրատվամիջոցի հրապարակումը պատշաճ հղումով տեղադրել է ArmDay.am լրատվական կայքը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանը մարտի 15-ին որոշել է հայցը հետ վերադարձնել Վահե Հակոբյանին։ Մասնավորապես, նշվել է, որ հայցադիմումին կից ներկայացվում են պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, լրատվական միջոցների հրապարակումների արտատպված պատճենները, մինչդեռ վերոնշյալ փաստաթղթերը հայցադիմումին կից դատարանին չեն ներկայացվել: Այս հիմքով էլ հայցը վերադարձվել է հայցվորին։ Նրան տրվել է երեք օր ժամանակ թերությունները վերացվելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր