SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտալրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լուռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից:
Այս պահին գյուղ են ժամանել ոչ միայն ոստիկանության ծառայողները, այլ նաև՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ մարզիչ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի և Սպիտակի քննչական բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը:
Փաստի առթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Սպիտակի հիվանդանոցից վիրավորներից երկուսին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: