00:00:00

Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին. ՀՔԾ

16:37, 21 մարտ 2019 Իրավական

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանն մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետներ: «Թե´ առաջնային և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով՝ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին», - ասաց Օհանջանյանը: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել են դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: 2018 թվականի դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսների ընթացքում։ Նրա խափանման միջոց կալանավորումն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Հունվարի 22-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Գրիգորյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, և նա կրկին կալանավորվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր