00:00:00

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

16:18, 07 փետրվար 2019 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է 2018թ. հուլիսի 27-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։ Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր