00:00:00

«Զիբիլիքս»-ի գործով 11 մեղադրյալների նկատմամբ տուգանքներ սահմանվեցին

17:24, 04 փետրվար 2019 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ  հրապարակեց «Զիբիլիքս» անունը ստացած  ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար կաշառք տալու գործով անցնող 11 մեղադրյալների դատավճիռները: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց վճիռները, ըստ որի՝ կաշառքի գործով անցնող երկու մեղադրյալները դատապարտվեցին նվազագույն աշխատավարձի 250.000-ապատիկի չափով տուգանքի: Ամբաստանյալ Հրայր Անտոնյանին դատարանը մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 2,5 մլն դրամ տուգանքի: Նշենք, որ Երևանի  քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ, Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանին դատախազը միջնորդել էր դատապարտել 3 տարվա ազատազրկման։ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը ևս դատապարտվեց 2,5 մլն դրամ տուգանքի: Նրանք մեղադրվում են կաշառք տալու գործով, իսկ մյուսները՝ օժանդակելու: Մեղադրյալներ Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գևորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը դատապարտվեցին 2,3 մլն դրամ տուգանքի, իսկ Հեղինե Փոգլարյանը՝ 2 մլն, 250 հազար դրամ տուգանքի: Դատավճիռը ամբաստանյալները ծափողջյուններով ընդունեցին: Հրայր Անտոնյանը հայտարարեց, թե արդարությունը վերականգնվեց: Դատավորը տեղեկացրեց, որ մեկամսյա ժամկետում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարան: Բացի այդ նրանք կարող են ներման խնդրագիր գրել և տուգանքները չվճարել: Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին հաղորդում» էր ներկայացրել՝ դրան կցելով հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում էին, որ այն ժամանակ իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ: Հրայր Անտոնյանին ու Ստեփան Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում՝ նախնական համաձայնությամբ, իրենց համախոհների օժանդակությամբ, ընտրողներին տվել են կաշառք` Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար: Քրեական գործը դեռ 2017 թվականի հուլիսին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: «Ելք»-ը բողոքարկել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, և 2018-ի հունիսի սկզբին գործը վերաբացվել էր։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր