00:00:00

Ավազակային հարձակում՝ տարեց կնոջ նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երկու անձի. մանրամասներ

17:40, 30 հունվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի տներից մեկը եւ հարձակվել նույն տան՝ 1936թ. ծնված բնակչուհու վրա, իսկ երրորդ անձը, ավազակային հարձակմանն օժանդակելու դիտավորությամբ, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, սպասել է դրսում՝ հսկելով տարածքը: Այնուհետեւ  տուն ներխուժած անձանցից մեկը տարեց կնոջը նախասրահից տարել է ննջասենյակ, դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել, ապա տնից հափշտակել են խոշոր չափի՝ 200.000 ՌԴ ռուբլի գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր եւ հեռացել: Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով: 82-ամյա կինը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, իրականացվել հարցաքննություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Հրազդանի բաժնին: Նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն: Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կոտայքի մարզի բնակիչներ՝ ծնված 1994, 1993 եւ 1980թթ., անհատականացվել նրանց գործողություններն ու առնչությունը տուժողի հետ։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրանցից երկուսին՝ 24 եւ 25-ամյա երիտասարդներին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Իսկ 38-ամյա տղամարդը հարցաքննվել է որպես կասկածյալ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր