00:00:00

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Յուրի Խաչատուրովի գործով բողոքը

19:40, 25 հունվար 2019 Իրավական

ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս հանգել էր հետեւության, որ Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի է, ապա նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել: Միհրան Պողոսյանը բողոք էր ներկայացրել Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ: 2018թ. օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Պողոսյանի բողոքը։ 15 օր անց փաստաբանն այս հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Փաստաբանն իր բողոքում հայտնել էր, որ եթե դատարանները հաստատված են համարում այն փաստը, որ Խաչատուրովին առաջադրված մեղադանքի վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէ, հետեւաբար չէր կարելի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի համարել։ Պողոսյանը բողոքում վկայակոչել էր նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որտեղ ըստ Պողոսյանի՝ ակնհայտ է դառնում, որ Խաչատուրովի նկատմամբ կալանքի կիրառումը ոչ իրավաչափ նպատակ է հետապնդել։ Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին 2018թ. հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին եւ օրեր անց վերադարձել Հայաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր