00:00:00

Բացահայտվել են Աբովյան քաղաքում կատարված գողություններն և ավազակային հարձակումը. մեղադրանք է առաջադրվել 47-ամյա տղամարդու

23:01, 23 հունվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են բնակարաններից կատարված գողությունների և ավազակային հարձակման դեպքերը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի՝ 47-ամյա բնակչին: 2018թ. դեկտեմբերի 25-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, տղամարդը, ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի բնակարաններից մեկը և 1938թ. ծնված կնոջից պահանջել է փաստաթղթեր՝ իբրև թե անվճար սոցիալական փաթեթ տրամադրելու պատրվակով, հետո խնդրել սուրճ հյուրասիրել իրեն: Այդ ընթացքում, օգտվելով տարեց կնոջ՝ խոհանոցում գտնվելու հանգամանքից, նրա պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 300 ԱՄՆ դոլար և 13.000 ՀՀ դրամ գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Այնուհետև 2019թ. հունվարի 17-ին ոստիկանությունում ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, տղամարդը, ներկայանալով իբրև սոցիալական ծառայության աշխատակից, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի՝ 1947թ. ծնված բնակչուհու բնակարան, որպես նպաստառու՝ անվճար գազի կաթսա տրամադրելու պատրվակով պահանջել նրա՝ նպաստառու հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերը: Այդ ընթացքում օգտվելով 71-ամյա կնոջ բացակայությունից՝ տղամարդը փնտրել է ոսկյա զարդեր և գումար, սակայն ոչինչ չի գտել, բայց նկատել է կնոջ ձեռքի ոսկյա մատանին: Մատանին հափշտակելու դիտավորությամբ, կնոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բյուրեղապակյա վազայով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխի շրջանին` պահանջելով ոսկյա մատանին: Կինը ձևացրել է, թե, իբր, ուշագնաց է եղել, որից հետո տղամարդը հանել է նրա ձեռքի ոսկյա մատանին և դիմել փախուստի: Հիշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված տեղեկությունների համադրությունը վարույթն իրականացնող մարմնին հիմք է տվել եզրակացնելու, որ հնարավոր է՝ հիշյալ հանցագործություններն առերևույթ կատարված լինեն նույն անձի կողմից: Կատարվել են մեծածավալ համատեղ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1971թ.: Վերջինս 2019թ. հունվարի 18-ին ձերբակալվել է՝ գողություն և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով և հարցաքննվել դեպքերի շուրջ, որի ժամանակ նշել է, որ բացի վերոհիշյալից, կատարել է նաև մի քանի այլ հափշտակություններ: Պարզվել է, որ 47-ամյա տղամարդու կողմից մատնանշած դեպքերով ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում քննվում է ևս չորս քրեական գործ: 2019թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող թվով 6 քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում կատարելու մասին: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանագամանքներ պարզելու համար կատարվել են դեպքի վայրերի զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություններ են տվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր