00:00:00

Աղվան Հովսեփյանի որդին ու Կոտայքի նախկին մարզպետը հրավիրվել են քննչական կոմիտե

23:04, 23 հունվար 2019 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե եւ բացատրություն տվել։ Նախկին վարչապետը բացատրություն է տվել ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝  Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Մեր ունեցած տեղեկություններով սույն գործի շրջանակներում կոմիտե են հրավիրվել եւ բացատրություն են տվել նաեւ  քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ինչպես նաեւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։ Քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութը, որտեղ մատնանշված հանգամանքները ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ։ Լրատվամիջոցն անդրադարձել էր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքներին։ Կատարված հետաքննությամբ պարզվել էր, որ գործարքների արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Արամ Դանիելյանի նախկին խորհրդականի որդին, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք, Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը եւ այլք: Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում  նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի, մարզպետարանի հողաշինության բաժնի պետի, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարարի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահի եւ այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ուստիեւ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր