00:00:00

Վարչական դատարանը վարույթ չի ընդունել Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ նախագահ նշանակումը վիճարկող դատավորների հայցադիմումը

18:15, 13 հունվար 2019 Իրավական

Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատավորներ Կարինե Պետրոսյանի եւ Ալեքսեյ Սուքոյանի հայցադիմումը։ Դատավորներն ընդդեմ Գագիկ Հարությունյանի նշանակման հայցադիմում էին ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ վարչական դատարանը գտել է, որ Սուքոյանն ու Պետրոսյանը չեն կարող վիճարկել Գագիկ Հարությունյանի նշանակումը։ «Ճանաչման հայցի շրջանակներում հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը: Միաժամանակ վարչական-դատավարական կարգով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այնպիսի գործողությունը, որը հանդիսանում է վարչարարության արդյունք, որպիսի հանգամանքի բացակայության պայմաններում ճանաչման հայցը ներկայացվել չի կարող, իսկ ներկայացված հայցը ենթակա չի լինի դատարանում քննության: Տվյալ դեպքում հայցվորները ներկայացրել են Բարձրագույն դատական խորհրդի 05.03.2018 թվականի` Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ, որպիսի գործողությունները Դատարանի գնահատմամբ չեն հանդիսանում վարչարարության արդյունք, քանի որ չունեն արտաքին ներգործություն և հայցվորների համար չեն առաջացնում փաստական հետևանքներ»,- եզրակացրել է Վարչական դատարանը: ՎԴ-ի գնահատմամբ՝ Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 05.03.2018 թվականի գործողությունները չունեն արտաքին ներգործություն, քանի որ դրանք չեն կատարվել կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այսինքն` ուղղված չեն հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում հայցվորներին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, ուղղակի փաստական հետևանքներ չեն առաջացնում հայցվորների համար, քանի որ դրանցով չեն սահմանվել, փոփոխվել, վերացվել կամ ճանաչվել իրավունքներ և պարտականություններ հայցվորների համար: «Գործով հայցվորները պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 05.03.2018 թվականի գործողությունները, մինչդեռ վերոգրյալ իրավական վերլուծությունների հիման վրա Դատարանը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նշված գործողությունները որևէ կերպ չեն առնչվում Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներին կամ ազատություններին, դրանք չեն առնչվում հայցվորների որևէ նյութական իրավունքին, այլ վերաբերում են այլ մարմնի` Բարձրագույն դատական խորհրդի ներքին ենթակայական հարաբերություններին»,- նշել է դատարանը եւ որոշել մերժել  իրենց գործընկերների ներկայացրած հայցադիմումի ընդունումը՝ արձանագրելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր