Ի պատասխան մեր կողմից 13.12.2018թ․ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված տեղեկատվություն ստանալու հարցման, 18.12.2018թ․-ին ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ստորագրությամբ գրությունը։
Ըստ այդ գրության կարելի է արձանագրել հետևյալը․
• Սպանությունը տեղի է ունեցել 02.12.2018 թ․-ին։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։
• Միայն 10.12.2018 թ․-ին, փորձաքննության եզրակացությամբ են այնպիսի բավարար տվյալներ ի հայտ եկել, որ հնարավոր է հանցանքը կատարած լինի 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայող Ա. Ռ.-ն:
• 11.12.2018 թ․-ին, այդ պահին ռազմաբազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա․ Ռ․-ն, ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ ձերբակալվել է։
• 12.12.2018 թ.-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա. Ռ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
• ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ռուսական ռազմական բազայում տարածքում ի կատար ածելը ՀՀ գլխավոր դատախազությունը պայմանավորում է ՀՀ և ՌԴ միջև 29.08.1997 թ․-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» (այսուհետ՝ Համաձայնագիր) 8-րդ հոդվածի պահանջներով։
Վերը հիշատակվող Համաձայնագրի 4-րդ հոդվածը կարգավորում է, որ․
«Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»։
Եթե Համաձայնագրի 4-րդ կետի պահանջով գործում է ՀՀ օրենսդրությունը, նշանակում է նաև, որ կիրառվում են ՀՀ քրեական դատավորության օրենսգիրքը և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը։
- ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն․ «Ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»: • «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն․ «Ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը գործում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում: … Ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»: