00:00:00

Մանվել Գրիգորյանի համար 20 մլն դրամ գրավ են առաջարկել

22:36, 11 դեկտեմբեր 2018 Իրավական

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը կանխակալ վերաբերմունք ունի Գրիգորյանի նկատմամբ։ Նման կարծիք այսօր, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Այս դատավորի կողմից վեց ամիս շարունակ տեսել եմ կանխակալ վերաբերմունք․ իմ կարծիքով, եթե չլիներ կանխակալ վերաբերմունք, Մանվել Գրիգորյանը չէր լինի կալանքի տակ։ Հնարավոր է Մարինե Մելքոնյանի վրա ճնշում է գործադրվում վարույթն իրականացնող մարմնի կամ այլ պաշտոնատար անձանց կողմից»,– ասաց նա։ Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը։ Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են դատարանին նրա նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը։ Որպես գրավի չափ առաջարկվել է 20 մլն դրամը, որը  դատարանը ողջամտության սահմանում կարող է փոփոխել։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ դեկտեմբերի 12–ին։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: Խոսքը ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր