00:00:00

Յուրացման դեպքեր՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ

15:04, 29 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում առերեւույթ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի յուրացումների դեպքերի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. նոյեմբերի 14-ին Արարատի մարզի դատախազությունից ստացվել են Արարատի մարզպետի՝ 03.08.2018թ. թիվ 207 կարգադրության համաձայն «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ գրությունն ու կից փաստաթղթերը, համաձայն որոնց՝ ստուգման են ենթարկվել ՓԲԸ-ի՝ 2017 եւ 2018 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները: Ստուգման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Պարզվել է, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենի կողմից մի շարք անձանց հետ կնքվել են ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, որոնց կատարման նպատակով դուրս է գրվել որոշակի գումար, աշխատանքները սակայն փաստացի չեն կատարվել, թվով 4 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, վերջիններս սակայն փաստացի աշխատանքի չեն հաճախել եւ նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ընկերության դրամարկղից արհմիության անդամավճարներից ստացվել է 2.200.000 ՀՀ դրամ, որի ծախսերի հիմնավորումները բացակայում են, դրամարկղից կանխիկ վճարումներ են կատարվել ՀՀ-ում գործող բջջային օպերատորներին՝ առանց համապատասխան պայմանագրերի առկայության, կատարվել է վառելիքի ավել ծախս՝ 9915 լիտր, մարզպետի համաձայնության բացակայության պայմաններում կատարվել են անհարկի գնումներ: Մասնավորապես՝ ընկերության ունեցած շուրջ 69.000.000 դրամ պարտքի պայմաններում ձեռք է բերվել 10.000.000 դրամ արժողության ավտոմեքենա, կանխիկ ձեռք են բերվել 858.901 դրամի ապրանքներ, որոնք սակայն բացակայում են, ընկերության հաշվին ձեռք է բերվել բջջային հեռախոս, մի շարք աշխատակիցների անվամբ դուրս են գրվել պարգեւավճարներ, վերջիններս սակայն այն փաստացի չեն ստացել, 800.000 դրամ գումար է փոխանցվել ՍՊԸ-ին՝ «Լավագույն հայուհի» միջոցառման շրջանակներում հարցումներ կատարելու համար: Բացի այդ, դրամարկղ չեն մուտքագրվել հիվանդանոցի դիահերձարան տեղափոխված դիակների տեղափոխման եւ հարդարման համար վճարման ենթակա գումարները, ինչպես նաեւ՝ ընկերության տարածքում վարաձակալական հիմունքներով դրամադրված տարածքների համար վճարված գումարները: Ստուգմամբ հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ այլ խախտումներ եւս, որոնց արդյունքում առերեւույթ յուրացվել եւ վատնվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Փաստի առթիվ 2018թ. նոյեմբերի 23-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր