00:00:00

«Պատկերացնո՞ւմ ես ինչ կլինի, եթե սպանեմ ինձ հոգնեցրած կանանցից մեկին». Էքստրասենսի սպանությունը «Յանուս» թատրոնի հիմնադրի «սցենարն էր»

03:58, 28 նոյեմբեր 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ: 23-ամյա Մուշեղ Մխիթարյանը մեղադրվում էր ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ դատական ակտի՝ վատառողջ է: «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 60, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով: Նրա դիակը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին: Նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Անի Մաջնունյանին, ըստ գործի տվյալների, այցելել է սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը՝ «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավարը, ում հետ Անին ծանոթ էր մի քանի ամիս… Գործի դատաքննության ընթացքում դժբախտ պատահարից՝ շմոլ գազի թունավորումից մանկահասակ երեխայի ու ամուսնու հետ մահացել է այս գործով առանցքային վկա Աննա Մ.-ն, ով դեպքի օրը Մուշեղի հետ գնացել էր Անի Մաջնունյանի բնակարան: Գործի քննության ընթացքում՝ նախաքննության ժամանակ ու դատարանում, Աննա Մ.-ն Մուշեղ Մխիթարյանին մեղադրող ցուցմունքներ է տվել: Նա հայտնել է, որ Մուշեղը նախապատրաստված է գնացել Անիին սպանելու: Ըստ այս վկայի՝ Մուշեղը դեպքից դեռ երկու շաբաթ առաջ հեռախոսազրույցի ժամանակ իրեն ասել է՝ կարո՞ղ է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ինքը սպանի իր սիրուհիներից մեկին՝ Անի Մաջնունյանին, ով իրեն հոգնեցրել է: Ըստ Աննա Մ.-ի՝ Մուշեղն ասել է նաև, թե Անի Մաջնունյանին պարտք է մոտ մեկ միլիոն դրամ, բացի այդ՝ Մուշեղը ենթադրել է, թե Անի Մաջնունյանի բնակարանում մեծ գումար կա՝ մոտ 30 հազար դոլար, քանի որ Անին ցանկություն է ունեցել փոխնակ մոր միջոցով երեխա ունենալ… Ըստ Աննա Մ.-ի՝ Մուշեղին լսելով՝ սկզբում մտածել է, թե դա նրա հերթական սցենարն է, լուրջ չի ընդունել նրա ասածները, բայց հետագայում հասկացել է, որ դեպքերը կարող են լուրջ զարգացում ունենալ… Դեպքի օրը հանդիպել է Մուշեղին՝ նա ասել է, թե բեմադրության զգեստները պիտի քննարկեն: Իսկ հանդիպման ժամանակ ասել է, թե ցանկանում է սպանել սիրուհիներից մեկին: Ըստ Աննա Մ.-ի՝ Մուշեղի ձեռքին տոպրակ է եղել, որի մեջ գրտնակ ու դանակ կային: Մուշեղի սպառնալիքներից վախենալով՝ ինքն էլ իրենց տանից է դանակ է վերցրել, դեղատնից ձեռնոցներ են գնել, իսկ երբ հասել են Անիի շենքի մոտ, ինքը հրաժարվել է վերև բարձրանալ, սպասել է շենքի բակում գտնվող տաղավարում… Երբ ժամեր անց Մուշեղի պարտադրանքով բնակարան է մտել, տեսել է Անիին՝ գետնին նստած վիճակում, գլուխը հետ ընկած, շունչը փչելու ձայներ է լսել… Բնակարանի ներսում ինքը մնացել է հինգ վայրկյան… Դրանից հետո Մուշեղը սպառնացել է իրեն, որ «բերանը փակ պահի», կատարվածի մասին ինչ-որ մեկին հայտնելու դեպքում նույն բանն էլ իր հետ կլինի… Աննա Մ.-ն իր ցուցմունքները պնդել է Մուշեղ Մխիթարյանի հետ առերես հարցաքննության, քննչական փորձարարության ու դատաքննության ժամանակ: Ըստ դատական ակտի՝ սպանությունից հետո Մուշեղ Մխիթարյանը տուժողի տանից հափշտակել է ոչ թանկարժեք զարդեղեն ու կանխիկ գումար՝ տուժողին պատճառելով… 44 հազար դրամի գույքային վնաս: Մուշեղ Մխիթարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նշել է, թե դեպքի օրվա ուշ երեկոյան, երբ ինքը հեռացել է Անիի տնից, վերջինս ողջ է եղել, ինքը նրան նույնիսկ խնդրել է առավոտյան զանգել ու արթնացնել: Իսկ երբ հաջորդ օրը Անի Զախարյանն իրեն հայտնել է Անի Մաջնունյանի սպանության մասին, ինքը սկզբում դա «հումորով է ընդունել», մանավանդ որ՝ դրանից մեկ ամիս առաջ էլ լուրեր էին տարածվել, թե իրեն են սպանել: Երբ հաստատապես իմացել է, որ Անի Մաջնունյանին սպանել են, ինքն ընկել է «շփոթմունքի մեջ», իր կարծիքով՝ եղել են մարդիկ, որոնց հետ Անին «խնդիրներ է ունեցել՝ գուշակությունների հետ կապված»… Տուժողի իրավահաջորդը՝ Անի Մաջնունյանի մայրը հայտնել է, որ դուստրն իրեն ասել էր, թե ծանոթացել է մի ռեժիսորի հետ, ում ֆիլմում պատրաստվում է խաղալ: Այդ ֆիլմի նկարահանման համար Անին ֆինանսական օգնություն է ցույց տվել հիշյալ ռեժիսորին՝ Մուշեղ Մխիթարյանին, պարբերաբար գումարներ է տվել նրան… Դատարանը հաստատված է գնահատել, որ Մուշեղ Մխիթարյանն է ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանությունը կատարել: Մուշեղ Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և դատապարտվել է 20 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի օգոստոսի 6-ից: Ամբաստանյալից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 2 միլիոն դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած 5 միլիոն դրամի քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ հնարավորություն տալով այդ հայցը հարուցել քաղաքացիական դատավարության կարգով: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալը, նրա շահերի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդը: Ամբաստանյալը պահանջել էր վերանայել առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր բողոքով պահանջել էր Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Տուժողի իրավահաջորդը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատժի խստացման առումով՝ Մուշեղ Մխիթարյանին դատապարտել ցմահ ազատազրկման, ինչպես նաև իր ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ: Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը վերաքննիչ դատարան էր ներկայանում ձեռնափայտով, դժվարությամբ քայլելով: Ձեռքի վրա երևում էին նախկինում կատարած ինքնավնասման հետքերը: Ամբաստանյալի տեսքը բավական հյուծված էր՝ վերջին շրջանում մի քանի անգամ հացադուլ է հայտարարել՝ ի նշան իր նկատմամբ կայացված, իր կարծիքով՝ անհիմն մեղադրական ու խիստ դատավճռի դեմ բողոքի: Իր վերաքննիչ բողոքում նա նշել է. «Դատարանը հաշվի չի առել անձս՝ հանդիսանում եմ «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, անձս բնութագրող բնութագրերը, որ տվել են ճանաչված դերասաններ, ռեժիսորներ, դրամատուրգներ ու կոմպոզիտորներ… Հիմք է ընդունվել մի աղջկա ասածը՝ դարձնելով ինձ շահադիտական դրդումներով սպանություն կատարած անձ այն դեպքում, երբ ո՛չ իմ տանից, ո՛չ իմ գրպաններից չի հայտնաբերվել որևէ իր, որը կպատականեր տուժողին…»: Ամբաստանյալի շահերի պաշտպանն իր բողոքում նշել է. «Եթե Մուշեղ Մխիթարյանն իսկապես ցանկանար հափշտակել Անիի գույքը, դա կարող էր անել հեշտությամբ՝ առանց սպանության… Կարող էր աննկատ պատճենել տուժողի բնակարանի բանալին ու հստակ իմանալով Անիի բացակայության ժամերը՝ մտնել տուն և վերցնել իր ուզածը… Բացի այդ, անպատկերացնելի է, թե ինչպես կարող էր մեղսունակ մարդը դանակի 5 տասնյակից ավելի հարված հասցնել ու դաժանությամբ սպանել փոքրամարմին կնոջը: Սա կարող էր անմեղսուանկ մարդն իրեն թույլ տալ կամ՝ տուժողին չճանաչող սառնասիրտ մարդասպանը, իսկ… Մուշեղ Մխիթարյանը լիարժեք մեղսունակ է, նա ունի նաև թոքերի առողջության խնդիր՝ անհավանական է, որ կարողանար այդքան հարվածներ հասցնել տուժողին… Նախաքննությունը չի գտել իրական մարդասպանին…»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը իր բողոքում նշել է. «Մարդուն նման բարբարոսական ձևով կյանքից զրկելու համար 20 տարին ի՞նչ է… Ինչ-որ ժամանակ հետո նա կվերադառնա իր սովորական կյանքին, անգամ կմոռանա կատարվածը, իսկ Անի Մաջնունյանը երբեք չի վերադառնա… Գործով ձեռք բերված ապացույցները առավել քան բավարար են փաստելու, որ տեղի ունեցածը անմարդկային հանցանք է, դրա հիմնական կատարողը հայտնաբերված է ու պիտի ամենախիստ պատժին արժանանա…»: Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով գործը, եզրահանգեց, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ 20 տարի ազատազրկումով, պատճառաբանված, հիմնավոր և օրինական է, այն բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան: Բոլոր վերաքննիչ բողոքները մերժվեցին: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր