Կադաստրի ոլորտում վերջին շրջանում եղել է անօրինական գործողությունների 23 բացահայտում: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այդ ամբողջ գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
Կոմիտեի ղեկավարը նշեց, որ այդ գործերում առկա են նախկին խոշոր պաշտոնյաների անուններ, շատ խոշոր գումարների մասին է խոսքը: Անօրինական գործընթացների հետևանքով պետական և համայնքային բյուջեները զգալի և շոշափելի կորուստներ են ունեցել, շատ նախնական հաշվարկներով դա կարող է հասնել մինչև 3 մլն դոլարի: Ըստ Սարհատ Պետրոսյանի՝ վերջնական գնահատականը կտան իրավապահ մարմինները:
«Ստացել եմ մի ոլորտ, որը դժվար է միանշանակ բնորոշել վատ կամ չկայացած: Կադաստրի կոմիտեն տարբեր ղեկավարների ժամանակ գոնե երկու անգամ ապացուցել է, որ ինքը մեր երկրի ամենակայացած կառույցներից մեկն է: Դա վաղ 90-ականներին հիմնադրման ժամանակ էր, երբ կադաստրում ինտենսիվ աշխատանք էր տարվում միջազգային դոնորների շնորհիվ, ինչպես նաև 2010-ականի բարեփոխումները, երբ կադաստրի գրասենյակներում սկսեցին հանրային կառավարման նոր մշակույթի ներմուծումը:
Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ լավ է եղել: Այո, կադաստրում եղել է կոռուպցիա, նույնիսկ կազմակերպված կոռուպցիա, և մենք ամեն ինչ արել ենք, որ դա կազմաքանդենք: Այսօր հանգիստ խղճով կարող ենք ասել, որ կադաստրում կազմակերպված կոռուպցիա չկա»,- ասաց Սարհատ Պետրոսյանը: Նա նշեց, որ, իհարկե, ամբողջովին չեն կարող բացառել, որովհետև այն մեծ համակարգ է, սակայն իրականացվող բարեփոխումներն ուղղված են նման դեպքերը նվազեցնելուն:
«Մենք ունենք ստորաբաժանումներ, որոնց կադաստրի ղեկավարները ժամանակին, այսպես ասած, փոքր ֆեոդալիկներ էին իրենց տարածաշրջանում: Մենք բարեփոխման արդյունքում վերացնելու ենք «տարածքային ստորաբաժանում» հասկացությունը: Տարածքային ֆեոդալիկներ չեն լինելու: Պրոցեսը բաշխվելու է այնպես, որ գործարքի գործընթացը մեկ մարդ վերահսկի, այդ դեպքում ինչ-որ մեկը չի կարող քաղաքացուն խոստանալ, թե այս կամ այն պրոցեսը ինչ արդյունք կունենա»,-նշեց Սարհատ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը Մարտին Սարգսյանն էր։