00:00:00

Երեւանի ավագանու անդամներին 55 հազար դրամ դրամական փոխհատուցում կտրվի

18:13, 27 նոյեմբեր 2018

Երեւանի ավագանու այսօր՝ նոյեմբերի 27-ին հրավիրված արտահերթ նիստում, որ վարում էր քաղաքապետ Հայկ Մարությանը, քննարկման էր ներկայացվել Երեւան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացնելիս Հայկ Մարությանը նշեց, որ սա, երեւի թե, ամենահաճելի հարցն է։ Քաղաքապետին հակադարձեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը․ «Ես ձեզ պետք է ասեմ, որ սա հաճելի պահ չէ, որովհետեւ Երեւանի ավագանու անդամը չպետք է ստանա ընդամենը 55 հազար դրամ փոխհատուցում, Երեւանի ավագանու անդամը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, դառնա պրոֆեսիոնալ մարմին, արդյունավետ մարմին, ինչպես նաեւ կրճատվի ավագանու անդամների թիվը, կարող եք վախենալ այս բառից, բաց այո՛, պետք է կրճատվի եւ Երեւանի ավագանին դառնա մասնագիտացված քաղաքային խորհուրդ»։ Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը իր հերթին նշեց, որ, օրինակ Թիֆլիսում ավագանու քանակը բավականին քիչ է, այն պարագայում, երբ Թիֆլիսն ավելի մեծ է, իսկ աշխատավարձերի համակարգ է գործում, իսկ ավագանին բավականին տարանջատված է քաղաքապետարանից։ «Իմ քայլը» դաշինքից ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանն առաջարկեց փոխհատուցման ֆորմատը հասկանալու համար քննարկումներ սկսել, իսկ ավագանու աշխատանքը, իր գնահատմամբ, անգին է․ «Ես օրինակ այս ամենը չէի անի վարձատրությամբ, սա ներքին մղում է»։ «Իմ քայլը» դաշինքից ավագանու անդամ Սոնա Ղազարյանն էլ լրամշակման անհրաժեշտություն տեսավ որոշման նախագծում․«Կարգավորումը լրամշակման կարիք ունի, որովհետեւ փոխհատուցում ստանալու համար ավագանու հանձնաժողովի նիստին մասնակցելու հարցում կարգավորումը ճիշտ չէ, քանի որ հնարավոր է՝ ավագանու անդամը ամբողջ ամիսն աշխատում է, ավելի շատ հանդիպումներ է ունենում, աշխատանքներ իրականացնում, սակայն հիվանդանում է եւ չի կարողանում մասնակցել հանձնաժողովի նիստին եւ արդյունքում չի փոխհատուցվում: Հնարավո՞ր է  կարգավորումը փոխել»։ Ավագանու անդամի բարձրացրած հարցին ի պատասխան, քաղաքապետարանի իրավաբանության վարչության պետ Զավեն Առաքելյանը նշեց, որ ավագանու անդամի հիմնական պարտականությունը մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելն է, իսկ առավել հիմնական պարտականությունը ավագանու հանձնաժողովի նիստերին մասնակցելն է: Մյուս աշխատանքներն ածանցյալ են, դրա համար հիմք է ընդունվել հիմնական պարտավորության կատարման հարցը։ Որոշումն ընդունվեց՝ 46 կողմ, 2 ձեռնպահ ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր