Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհանդիպի Հայաստանում գործունեություն ծավալող և Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված գերմանացի գործարարների հետ: Քննարկումներ կծավալվեն հայաստանյան ներդրումային և գործարար միջավայրի, հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: