00:00:00

Ընդունել ենք մեր սխալները, պատրաստ ենք ծառայել հայրենիքին․Աշոտյան

17:43, 26 նոյեմբեր 2018

ՀՀԿ գրասենյակում կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանն այսօր ներկայացրին կուսակցության նախընտրական ծրագիրը: Ծրագրի ընդհանուր կարգախոսն է «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», ինչը ևա ՀՀԿ նախընտրական կարգախոսն է: «Ծրագիրը մի դիտարկեք որպես փաստաթուղթ, ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում ՀՀԿ խորհրդի վերջին հայտարարությունը: Մենք պատկանում ենք այն եզակի քաղաքական ուժերի թվին, որոնք ունակ են ստեղծել քաղաքական բովանդակություն, և մենք հպարտ ենք այս մեր ծրագրով»,- լրագրողներին ասաց Արմեն Աշոտյանը: Նա հարցադրում արեց՝ ինչո՞վ պետք է մտահոգ լինի այսօր ՀՀ քաղաքացին: «Մենք վստահ ենք, որ ՀՀ քաղաքացին մտահոգ պետք է լինի Հայաստանի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով, աշխատանքը կորցնելու վտանգով, ավանդական արժեքների այլասերմամբ:
Մենք կարծում ենք, որ քաղաքացիները քաղաքակնության մեջ կորսան նաև գաղափար, թիմ, փորձառու մարդկանց, ովքեր ոչ միայն ունակ են աշխատել ապագայում, այլ նաև ունակ են վերանայելու իրենց անցյալը, դիրքավորվել ներկայում՝ որպես սկզբունքային անդավաճան պրոֆեսիոնալ մարդիկ: Սա է ՀՀԿ-ի հավատամքը գալիք ընտրություններին ընդառաջ»,- ասաց Աշոտյանը:
Ինչո՞ւ ընտրել ՀՀԿ-ին, ըստ Աշոտյանի, իրենք տալիս ենք այս հարցի շատ պարզ ու շիտակ պատասխան: «Որովհետև մենք ունենք պատմություն և փորձ, ընդունել ենք մեր սխալները, պատրաստ ենք ծառայել հայրենիքին»,- ասաց նա: ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ իրականում համոզմուքն ունի, որ վերջին վեց-յոթ ամիսների ընթացքում կատարվել են իրադարձություններ,որոնք իրապես պետք է մտահոգվելու առիթ տան: «Մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից ուղղակի փառահեղ քննադատություն՝ ուղղված ՀՀԿ հասցեին: Փառահեղ քննադատություն, ամեն ինչի մասին: Եթե լավ քայլ է, մի դպրոց է բացվում, այդ մասին չի խոսվում, դա կարծես ՀՀԿ-ինը չէ, ինչ-որ ինքնին ստեղծված երևույթ է, եթե թերություն է, ապա պետք է չափազանցնել, ծայրահեղացնել, սևացնել: Սա է քաղաքականությունը»,- ասաց նա: Նա ասաց, որ վստահության քվե են ակնկալում ժողովրդից մեկ պատճառով: «Առաջինը, մենք պատասխանատու ենք մեզ զգում, որովհետև մարդը պատասխանատու է նաև այն դեպքում, երբ չի խոչընդոտում այն ամենին, ինչ տեղի է ունենում: Մենք ուզում ենք դիտորդի կարգավիճակում չլինել: Երկրորդ, մենք ամբողջությամբ գիտակցել ենք մեր քաղաքական ուղին, այն բացթողումները և ձեռքբերումները, որ ունեցել ենք: Ունենք գիտելիք, փորձ, ցանկություն, նվիրում, համոզմունք, որ կարող ենք ծառայել ՀՀ-ին: Մենք ցանկանում ենք, որ ընդամենը թույլ տաք մեզ, որ բարձրաձայնենք այն խնդիրները, որոնք տեսնում ենք»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր