00:00:00

«Արա՛, ո՞վ ես….». Պռոշյանում «Ծանրորդ Արմենի տղան» «BMW»-ից վեց կրակոց է արձակել համագյուղացի «Կյաժի» վրա

19:46, 25 նոյեմբեր 2018 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նշան Ավետիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Հովհաննես Ավագյանի նախագահությամբ: Դեպքի պահին Նշան Ավետիսյանը 23 տարեկան էր: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով: Ըստ մեղադրանքի՝  2015 թվականի մարտի 3-ին, ժամը 13-ն անց 25-ի սահմաններում «Ծանրորդ Արմենի տղա» Նշան Ավետիսյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի խաչմերուկում իր կողմից ապօրինի ձեռք բերված «Մակարով» ատրճանակով կրակոցներ է արձակել և փորձել է կյանքից զրկել «Կյաժ» մականունով համագյուղացի Արման Թ.-ին: Ըստ մեղադրանքի՝ վերջինիս սպանելու դիտավորությամբ Նշան Ավետիսյանը նստել է Տրդատ Ա.-ի անվամբ հաշվառված «BMW» մեքենայի՝ վարորդի կողքի նստատեղին և ուղևորվել է Պռոշյան գյուղի Անդրանիկի, Խանջյան ու Թումանյան փողոցների խաչմերուկ: Տեսնելով Արման Թ.-ին՝ Նշան Ավետիսյանը իր մոտ եղած, ութ փամփուշտով լիցքավորված «Մակարով» ատրճանակը մեքենայի պատուհանից  ուղղել է Արմանի վրա ու վեց անգամ քաշել է ձգանը, բայց «տեղի է ունեցել կրակոցների ձախողում»: «BMW»-ն շրջադարձ է կատարել, նորից մոտեցել է Արման Թ.-ին: Ըստ մեղադրանքի՝ Նշան Ավետիսյանն իր հանցավոր մտադրությունն  իրականացնելու նպատակով մեքենայի շարժման ընթացքում մեքենայի սրահից կրակել է Արմանի ուղղությամբ, արդյունքում ծակվել է «BMW»-ի դռան ապակին, բայց գնդակը չի դիպել Արման Թ.-ին: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Արմանը վազել է ընթացող «BMW»-ի հետևից՝ գոռալով՝ արա՛, ո՞վ ես, կանգնի: Մեքենան կտրուկ արգելակել է, Նշանն իջել է մեքենայից ու ևս հինգ անգամ կրակել է վազող Արմանի ուղղությամբ: Գնդակներից երեքը դիպել են տուժողի աջ ազդրին, հետույքի շրջանին, ձախ ազդրին: Երկու գնդակը տուժողին չեն դիպել, իսկ ատրճանակի պահունակում եղած երկու փամփուշտը Նշան Ավետիսյանը, ըստ մեղադրանքի, չի հասցրել կրակել, քանի որ  «BMW»-ի՝ ինքնությունը չպարզված  ուղևորը իջել է մեքենայից, Նշանին քաշել-նստեցրել է մեքենա, ու հեռացել են դեպքի վայրից: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նշան Ավետիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց ու հարցերին պատասխանելուց: Նախաքննության ընթացքում Նշան Ավետիսյանը հայտնել է, թե ինքը լավ կրակող է: Արմանին սպանելու նպատակ չի ունեցել, եթե ցանկանար՝ չէր վրիպի… Իր մոտ եղած «Մակարով» ատրճանակը գտել էր դեպքից երկու-երեք օր առաջ… Ցանկացել է հանձնել, բայց մտածել է՝ ոստիկաններն իրեն չեն հավատա… Դեպքից հետո ինքն ատրճանակը շպրտել է՝ չի հիշում՝ ուր… Դեպքի օրը՝ 2015 թվականի մարտի 3-ին, ընկերոջ՝ Տրդատի մեքենան առավոտից իր մոտ էր՝ մեքենան վերցրել էր երեխային հիվանդանոց տանելու համար: Ժամը 10-ի սահմաններում երեխային մոր հետ տարել է «ամբուլատորիա»՝ հերթական զննության: Հետո երեխային ու մորը տարել է տուն, ինքն էլ ճաշել ու դուրս է եկել տանից: Ընկերոջը խնդրել է, որ մեքենան այդ օրը մնա իր մոտ: Ճանապարհին տեսել է իր ծանոթներից՝ Արմանին, ում հետ Մոսկվայում՝ գիշերային ակումբում էր ծանոթացել 2012 թվականին: Այնտեղ մտերմություն են արել: Արմանին երեք տարի չէր տեսել, գյուղում հանդիպել է պատահական: Արմանի հետ էր նրա ընկերը: Նրանց իրենց տուն է հրավիրել… Արմանը նստել է մեքենայի ղեկին… Հիշյալ Արմանը գործով տուժող Արմանը չէ… Նշան Ավետիսյանն ասել է, թե չի ցանկանում համագյուղացի Արմանի վրա կրակելու պատճառների մասին հայտնել: Իրենց մեջ տարիքային տարբերությունը մեծ է, նա իր համար պարզապես համագյուղացի էր: Նշանը պնդել է, թե իրականությանը չի համապատասխանում, թե ինքը վեց անգամ քաշել է ձգանը, ու կրակոց տեղի չի ունեցել՝ ատրճանակը սարքին էր, ինքն ընդհանուրը՝ կրակել է հինգ անգամ: Ատրճանակում ութ փամփուշտ կար: Եթե ցանկանար Արմանին սպանել, մնացած երեք փամփուշտներն էլ կկրակեր: Իր պատկերացմամբ՝ հինգ անգամ այնպես է կրակել, որ բոլոր վնասվածքնրը լինեին թեթև: Դա հաստատվում է նրանով, որ ինքը Արմանի ոչ մի կենսական կարևոր օրգան չի վնասել… Գործով տուժող, «Կյաժ» մականունով Արման Թ.-ի ներկայությունը դատական քննությանը ապահովել հնարավոր չի եղել, չնայած դատարանը, ըստ դատական ակտի, ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները: Հրապարակվել են Արման Թ.-ի նախաքննական ցուցմունքները: Նա հայտնել է, թե դեպքի օրն ընկերոջ հետ դուրս է եկել տանից, որ գնա գյուղամեջ:  Ճանապարհին հանդիպել են իր հորեղբորորդուն, նա էլ է միացել իրենց: Հասել են Կարոտ Մկրտչյանի արձանին, կանգնել են: Հանկարծ ինքը կրակոց է լսել, աչքերի դեմը սևացել է, այլևս ոչինչ չի հիշում… Արթնացել է հիվանդանոցում: Մեկ այլ նախաքննական ցուցմունքում Արման Թ.-ն հայտնել է, թե չի ճանաչում իր վրա կրակած անձին, դեպքի պահին նրան տեսել է առաջին անգամ: Հիշում է միայն կրակոց ու բոց… Ո՛չ համագյուղացի Տրդատին է տեսել, ո՛չ Նշանին, իսկ իր վրա կրակողին եթե տեսնի, չի էլ ճանաչի… Պռոշյան գյուղի գյուղապետարանի ու «Հայփոստի» վարչական շենքերի պատերին տեղադրված տեսախցիկների կողմից  ֆիքսվել է կրակոցների արձակման պահը: Ըստ դատական ակտի՝ տեսագրված նյութից երևում է, որ առաջին կրակոցն արձակվել է շարժվող մեքենայի սրահից, իսկ մյուս հինգ կրակոցների պահին տուժող Արման Թ.-ն է գտնվել շարժման մեջ՝ վազել է դեպի կայանված մեքենան՝ այդ ընթացքում փորձելով խույս տալ իր ուղղությամբ կատարվող կրակոցներից… Դատարանը եզրահանգել է, որ տուժողի վնասվածքների տեղակայումը, վեց կրակոցից երեքի վրիպումը հնարավոր է՝ Նշան Ավետիսյանի կողմից ոչ դիպուկ կրակելու արդյունքով պայմանավորված  լինեն… Դատարանը հաստատված է գնահատել, որ Նշան Ավետիսյանը Արման Թ.-ի վրա կրակոցներ է արձակել նրան սպանելու դիտավորությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր դիտավորությունը: Կրակոցների հետևանքով տուժող Արման Թ.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Դատարանը հաշվի է առել, որ Նշան Ավետիսյանի խնամքին է մինչև 14   տարեկան մեկ երեխա: Նշան Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել սպանության փորձի և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով: Նշան Ավետիսյանը վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի օգոստոսի 12-ից: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ պահանջելով ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքում իր պաշտպանյալին ճանաչել անպարտ ու արդարացնել՝ ապացույցների անբավարարության հիմքով, Նշան Ավետիսյանին մեղավոր ճանաչել տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  113 հոդվածի 1-ին մասով,ու սահմանել արարքին համաչափ պատիժ: Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով գործը,  պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժեց՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 8 տարի 6 ամիս ազատազրկումով, թողնելով անփոփոխ: Դատարանի որոշումը հրապարակելուց հետո  ամբաստանյալն արտաքուստ չտրտմեց, նա լավատեսորեն նայեց դահլիճում գտնվող հարազատներին ու սրտապնդեց նրանց՝ ոչինչ, չմտածեք… Նյութի աղբյուրը՝ 1in.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր