Մամուլում տեղեկություն է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք եւ ազատություն» գրքի մասին: Գիրքը նախ լույս կտեսնի Մոսկվայում, այն գրվել է ռուսերեն եւ Հայաստանում կլինի հայերեն թարգմանվելուց հետո:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ասել է, որ գրքում կան պատմություններ Ռոբերտ Քոչարյանի մանկությունից մինչեւ կալանավորում, եւ կան հիշատակումներ, որոնք շատերին դուր չեն գա:
Ո՞ւմ համար է տհաճ լինելու Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականը եւ հատկապես ո՞ր դրվագներում, նրա կյանքի ո՞ր փուլերին առնչվող: Ենթադրվում է, որ առավել անդուր կարող են լինել քաղաքական կենսագրությանը վերաբերող հատվածները կամ դրանցում տեղ գտած պատմությունները, որտեղ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է ներկայացնել մինչ այժմ անհայտ եւ խոհանոցային մանրամասներ:
Այդ իմաստով Քոչարյանի ինքնակենսագրականը կարող է դառնալ յուրօրինակ «նռնակ», որ Քոչարյանը նետում է հայկական ներքաղաքական դաշտ: Մոտավորապես այնպիսի մի նռնակ, ինչպիսին տարիներ առաջ տաքսու մի զայրացած վարորդ էր նետել Իսակովի պողոտայում նրա առանձնատան ուղղությամբ, բարեբախտաբար ոչ մարտական եւ առանց որեւէ վնասների: Քոչարյանն էլ այդ ժամանակ կարծես թե Հայաստանում չէր:
Քոչարյանի ինքնակենսագրական գիրքն էլ կլինի ոչ մարտական նռնակ, նետված հայաստանյան ներքաղաքական դաշտ: Ենթադրվում է, որ «նռնակը» պայթեցնելու է նախորդ համակարգը, որի առանցքային դեմքերից էր Ռոբերտ Քոչարյանը: Այդ համակարգի մի մասը ներկայում էլ շարունակում է լինել դերակատար, կամ ավելի շուտ հավակնել որեւէ դերի: Ինքը Քոչարյանն էլ հայտարարել է, որ պատրաստ է կուսակցություն բացել եւ ներգրավել երիտասարդների, որոնք կհավակնեն Հայաստանում ինչ որ բան փոխել: Դա իհարկե ավելի շատ նման էր թերեւս քաղաքականությունից հեռանալու հայտարարության՝ քաղաքականություն դեռ կարգին չեկած: Համենայն դեպս, երկրորդ նախագահը փաստացի խոստանում էր լինել երիտասարդ նոր կուսակցության հովանավոր, եթե լինեն երիտասարդներ, որոնք իր փոխարեն կզբաղվեն իր քաղաքականությամբ:
Կգտնվե՞ն այդպիսիք, թե՞ նա արդեն գտել է, դեռեւս հայտնի չէ, բայց հնարավոր է Ռոբերտ Քոչարյանն իր ինքնակենսագրական «նռնակով» կփորձի իր հետ միասին դաշտից հեռացնել նախորդ համակարգի այն խմբերին, որոնք հավակնում են նոր իրողություններում ավելի երկարաժամկետ դեր ստանձնելուն: Այդ թվում թերեւս ՀՀԿ-ին, որը հայտարարել է միակ իրական ընդդիմություն լինելու մասին եւ ինչը ենթադրում է, որ օրինակ Քոչարյանի կուսակցությունը չի կարող լինել իրական ընդդիմություն:
Երկրորդ նախագահը կարող է փորձել իր գրքով այսպես ասած մաքրել դաշտը նախորդ համակարգից, տեղ ազատելով իր երիտասարդ կուսակցության համար:
Մյուս կողմից, իր հերթին ուշագրավ քայլ է արել նաեւ ՀՀԿ-ն, կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանը, որի մասին էլ Քոչարյանը գրել է իր գրքում, ինչպես հավաստիացրել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը: Սերժ Սարգսյանի հետաքրքիր քայլն այն է, որ նա ՀՀԿ ընտրական ցուցակի առաջին եռյակ է ներառել Դավիթ Շահնազարյանին: Կա՞ Հայաստանի ԱԱԾ նախկին պետի մասին որեւէ բան Քոչարյանի գրքում, թե ոչ, պարզ չէ, սակայն հայտնի է, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Շահնազարյանը նախաձեռնել էր Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի դատարան հայց ներկայացնելու գործընթաց: Այն մնացել է կիսատ, բայց հայտնի չէ նաեւ, թե ո՞ր փուլում եւ հատկապես ինչ վիճակով: Եվ արդյոք ինչպես Քոչարյանի գրքում այլոց համար, այդպես էլ Հաագայի պատմության մեջ Քոչարյանի համար կարող են լինել չբարձաձայնված մանրամասներ:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am