00:00:00

Բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել 29-ամյա տղամարդուն

17:42, 13 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրի քաղաքի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչին: 2018թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1978 թվականին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1989 թվականին: Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 29-ամյա տղամարդն այցելել է նախկին կնոջ մորաքրոջ բնակարան՝ երեխաներին տեսակցելու նպատակով, մասնակցել խնջույքի, որի ժամանակ էլ վիճաբանել է միջոցառման մասնակիցներից մեկի հետ, ինչը շարունակվել է դրսում: Քննության տվյալներով՝ 29-ամյա տղամարդն իր հետ նախապես վերցրած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իր հետ վիճաբանող 40-ամյա տղամարդու որովայնի և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած և որովայնի առաջնային պատի բարակ աղիքի վնասոմով, հեմոպերիտորիումով, կտրած-ծակած թափանցող վերքերի ձևով» մարմնական վնասվածքներ: 40-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, իրականացվել է առերես հարցաքննություն, հարցաքննվել վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. նոյեմբերի 11-ին 1989թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր