00:00:00

43-ամյա երևանցին մեղադրվում է քրեական հեղինակության սպանությունը նախապատրաստելու մեջ

20:05, 12 նոյեմբեր 2018 Իրավական

Քրեական հեղինակություն համարվող անձի սպանության նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել 43-ամյա տղամարդու։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն իրականացնելու համար Հայաստան է հրավիրվել նաև դիպուկահար, ով, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին և մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։ 2017 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը վարձակալված բնակարանում հայտնաբերվել է դիպուկահարի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածի դին Վանաձորից Երևան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաև քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Հայաստան ժամանելու նպատակով դիպուկահարին գումար ուղարկած, ինքնաթիռի տոմս գնած, նրան օդանավակայանում դիմավորած և նշված հյուրատուն տեղափոխած անձի ինքնությունը, ով, ըստ քննության տվյալների, մի խումբ անձանց հետ միասին առաջարկել է նրան իրականացնել քրեական հեղինակության սպանությունը։ Բացի այդ, բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունն իրականացնելու համար ձեռք է բերվել օպտիկական հրազեն։Տվյալ անձը Երևանի բնակիչ է, 43 տարեկան, ով նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր, ապա նաեւ՝ կալանավորվել։ Քննչական կոմիտեն այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ առայժմ ձեռնպահ է մնում հրապարակել այդ թվում, թե ում էին պատրաստվում Վանաձորում սպանել եւ ինչ պայմաններում է սպանվել դիպուկահարը։ «Քրեական գործով մի շարք հանգամանքներ պարզվել են, սակայն քրեական գործի առանձնահատկությունները նկատի ունենալով այս փուլում նոր մանրամասներ չեն հրապարակվի՝ քննությանը չվնասելու համար», հայտնեցին ՔԿ-ից։ Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը գնում է Վանաձորում քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ի մասին, ում սպանությունը ծրագրված է եղել 2017 թվականին եւ ըստ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների այս տարվա հոկտեմբերին Վանաձորում մեկ այլ քրեական հեղինակության նկատմամբ կատարված սպանության փորձը փոխկապակցված են։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց իր մոտ պահած հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել ռեստորանից դուրս եկող՝ քրեական հեղինակություն համարվող Նավոյանի ուղղությամբ։ Միջադեպի ժամանակ վնասվածք է ստացել երեք անձ՝ Գ.Նավոյանի մոտ ախտորոշվել էր «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք» , Գ.Դավթյանի մոտ՝ «աջ ուսագոտու շրջանի հրազենային միջանցիկ վնասվածք, պարանոցի աջ կեսի հրազենային վնասվածք», Ա.Սեդրակյանի մոտ՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք»: Կրակոոցներից հետո Վանաձորում կատարվեցին մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ «Շալո»-ի բնակարանում։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր