00:00:00

Արդիական է ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը. Զ. Մնացականյանը՝ համանախագահների հետ հանդիպմանը

17:27, 29 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու համանախագահների տարածաշրջան կատարած այցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն հայտնեց մինչ այժմ այս առումով ձևավորված դրական դինամիկայի կապակցությամբ: Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու եռանախագահներն անդրադարձան սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ դրանց կիրառական դրսևորումն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու խթանմանը: Նախարար Մնացականյանը նշեց, որ արդիական է մնում ռազմատենչ և ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկեցին եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով, որ Երևանից հետո համանախագահները այցելելու են Ստեփանակերտ, այնուհետև Բաքու, դրանից հետո հնարավորություն կլինի առավել համապարփակ կերպով գնահատելու հետագա քայլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր