«Ամեն մեկը կարող է խոսել իր անունից։ Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, եւ Ջոն Բոլթոնը, եւ ընդհանրապես որեւէ մեկը չի կարող խոսել իմ անունից: Այո, ընտրվելը հնարավորություններ կտա, բայց ես ասել եմ, որ չի կարող լինել որեւէ լուծում, որը ընդունելի չի լինի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների եւ Արցախի իշխանությունների համար: Հարցի գլոբալ կարգավորման առումով հասկանում ենք, որ որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Որեւէ լուծման պարագայում մենք պետք է լինենք հրապարակային»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչաետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս թեմայով ոմանք մինի փոթորիկներ են կազմակերպում համացանցում՝ հավելելով, որ սա համահայկական հարց է եւ պետք է լուծի հայ ժողովուրդը. «Ես Ղարաբաղի հարցի լուծող չեմ, լուծողը հայ ժողովուրդն է: Որեւէ վարչապետ այսօր կա, վաղը չկա»:
Դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե արտաքին քաղաքականության մեջ իշխանությունը քանդում է այն, ինչ տասնամյակներով իրենք կառուցել են, Փաշինյանն արձագանքեց. «Զարմանում եմ, որ մարդիկ առնում են, ծախում են մեր անունից, ձախողվում են մեր անունից: Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է կիսծնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, եւ դա է իր պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնեմ նրան եւ իր բոլոր գործընկերներին: ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ եւ արժանապատիվ երկրին վայել արտաքին քաղաքականություն»: