Այսօր, Հոկտեմբերի 27-ի ողբերգության 19-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի այգում՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի այսօր մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ աշխատակազմը ծաղիկներ խոնարհեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհված գործիչների հիշատակին:
Ուշագրավն այն էր, որ նախորդ տարիների համեմատությամբ, այսօր ԱԺ բակը դատարկ էր։ Հիշատակի արարողությանը ներկա էին միայն նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Սուրեն Պապիկյանը։ Նախորդ տարիներին, հիշեցնենք ծաղիկներ էին խոնարհում նաեւ ԱԺ պատգամավորներից շատերը։ Այսօր, սակայն պատգամավորներից ներկա էին միայն ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչները։ ՀՀԿ-ից եկել էր Խոսրով Հարությունյանը, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից էլ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ ՀՅԴ խմբակցությունից որեւէ պատգամավոր ներկա չէր հիշատակի արարողությանը։
Սա ոչ այլ ինչ է քան անհարգալից վերաբերմունք պետական այն գործիչների նկատմամբ, ովքեր զոհ գնացին ոճրագործությանը։
Նախորդ տարիների նման, այս տարի ՀՀԿ-ական առանձին գործիչներ չեկան, եւ չհայտարարեցին, որ կա քաղաքական կամք բացահայտելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Գուցե դա էլ ունի իր տրամաբանական բացատրությունը։ Նրանք նման ամպագորգոռ հայտարարություններ անելիս շատ լավ հասկացել են, որ իրենց քաղաքական առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ որեւէ քաղաքական սպանություն չի բացահայտվելու։ Հայաստանում նոր իրավիճակ է, նոր իրողություններ եւ գործող իշխանությունը հստակ ցույց է տալիս, որ ինչպես Մարտի մեկի ոճրագործության մեղավորները, այնպես էլ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուները այլեւս ազատությունը երկար վայելել չեն կարող։
Ամեն դեպքում երկրի խորհրդարանը դրսեւորեց անարգանք Հոկտեմբերի 27-ի զոհերի նկատմամբ։
Irakanum.am