00:00:00

Կունենանք «լիդեր». Հեղափոխության ֆուտբոլային սիմվոլը վերադառնում է…

19:45, 09 հոկտեմբեր 2018 Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր կսկսի նախապատրաստվել Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում կայանալիք Ջիբրալթարի և Մակեդոնիայի հետ հանդիպումներին: Նախօրեին մեր հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են մասնակցելու առաջիկա մրցավեճերին: Սեպտեմբերի սկզբին կայացած Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հետ հանդիպումների համեմատ հավաքական հրավիրվածների ցուցակում կան որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, Գյուլբուդաղյանցը հրավիրել է «Փյունիկի» պաշտպան Արթուր Քարտաշյանին, «Ալաշկերտի» ներկայացուցիչներ՝ ձախ պաշտպան Գագիկ Դաղբաշյանին, հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանին: Հատկապես պաշտպանությունում խնդիրները շարունակում են մնալ օրակարգային: Կենտրոնական պաշտպան շվեդական «Գյոտթբորգի» ներկայացուցիչ Անդրե Չալըշըրը վնասվածք ունի և չի միանա հավաքականին: Գյուլբուդաղյանցի ցուցակում բացակայում է կոլումբական «Բոյակա Չիկոյի» պաշտպան Ժոաո Մոնրոյ Արարատը: Վերջինս վնասվածք ուներ և չէր մասնակցել նախորդ երկու հանդիպումներին: Հոկտեմբերի 8-ին, սակայն, Արարատը «Բոյակա Չիկոյի» կազմում խաղադաշտ է դուրս եկել և խաղացել առանց փոխարինման: Ամեն դեպքում պաշտպանական օղակում կան լուծումներ, որոնց կանդրադառնանք ավելի ուշ: Առաջիկա հանդիպումներում մեր հավաքականի լուսավոր կողմը թերևս Յուրա Մովսիսյանի վերադարձն է: «Երեք տարի ազգային թիմում չխաղալուց հետո ես որոշեցի վերադառնալ և նորից խաղալ: Չէի կարծում, որ երբևէ կվերադառնամ՝ այն ամենի պատճառով, ինչ եղել էր, սակայն մենք ունենք նոր Հայաստան, առավել ոչինչ ինձ չի հպարտացնում, քան նորից թիմում խաղալը: Անհամբեր սպասում եմ Հայաստան ժամանելուն: Հույս ունեմ լեփ-լեցուն մարզադաշտ տեսնել ամսի 13-ին և 16-ին: Միայն երկրպագուների աջակցությամբ մենք կկարողանանք կրկին հաղթել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել Մովսիսյանը: Վերջինս սեպտեմբերին պայմանագիր էր կնքել ՄԼՍ-ում ելույթ ունեցող «Չիկագո Ֆայրի» հետ և մասնակցել մի քանի հանդիպման: Ջիբրալթարի հետ հանդիպմանը Մովսիսյանի վերադարձը կարելի է խորհրդանշական համարել: Մովսիսյանը 3 տարվա դադարից հետո մեր ազգային թիմի մարզաշապիկը կկրի նոր Հայաստանի նոր ֆուտբոլային ղեկավարության ազգային գլխավոր թիմի մակարդակով առաջին հանդիպմանը: Հիշեցնենք, որ Մովսիսյանին հավաքական էր հրավիրել նաև Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Վնասվածքի պատճառով, սակայն, Մովսիսյանի վերադարձը Ռուբեն Հայրապետյանի ՀՖՖ-ի պաշտոնավարման ժամանակաշրջանում այդպես էլ տեղի չունեցավ: Մովսիսյանի վերադարձը հավաքական մեծ ոգևորություն է առաջացրել հատկապես երկրպագուների շրջանում: Նշենք, որ Մովսիսյանը առաջին հայ մարզիկներից է, ով իր աջակցությունը հայտնեց թավշյա հեղափոխությանը: Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընթերցեց Մովսիսյանի հատուկ նամակը: Այս քայլով հայտնի հարձակվողը ըստ էության դարձավ հեղափոխության ֆուտբոլային սիմվոլը: Վստահ ենք, որ Մովսիսյանի վերադարձը հավաքական առաջիկա հանդիպումներին լրացուցիչ հազարավոր երկրպագուների կբերի «Հանրապետական» մարզադաշտ: Սեպտեմբերի 9-ին Սկոպյեում տեղի ունեցած Մակեդոնիայի հետ խայտառակ հանդիպումից հետո մեր ազգային թիմին օդի և ջրի պես անհրաժեշտ են բեկումնային լուծումներ: Մովսիսյանն իր հատկանիշներով կարող է դառնալ գլխավոր շարժիչ ուժը սթափվելու և նոր ոգով պայքարը շարունակելու գործում: Ցավով պետք է արձանագրենք, որ Մովսիսյանի՝ հավաքականից հեռանալուց հետո խաղադաշտում ուղղակի չենք ունեցել «լիդեր»: Հատկապես առջևի գծում չի եղել գեթ մեկ հարձակվող, ում միջոցով հնարավոր կլիներ կառուցել խաղը: Այո, Մովսիսյանն այժմ չի ցուցադրում այն ֆուտբոլը, որը ցուցադրում էր 7-8 տարի առաջ: Այն ժամանակ այս հարձակվողը մեր հավաքականի իրական առաջատարն էր դարձել, և շատերը ընտրական շրջափուլերում գրանցված հաջողությունները կապում են հենց նրա հետ: Ռուբեն Հայրապետյանի կողմից Մովսիսյանին չեզոքացնելուց հետո սկսվեցին Հայաստանի ազգային հավաքականի սև օրերը: Ավելի ստույգ՝ հավաքականում չկար այն ֆիգուրը, որը պետք է ստիպեր պայքարել, չհանձնվել՝ խաղադաշտում ներդնելով ողջ ներուժը: Այսօր ազգային հավաքականը ունի քիչ թե շատ նորմալ կիսապաշտպանություն՝ ի դեմս Մարկոս Պիզելիի, Գևորգ Ղազարյանի և Հենրիխ Մխիթարյանի: Առաջիկա հանդիպումներին վնասվածքի պատճառով չի մասնակցի Արաս Օզբիլիսը, ինչը մեծ կորուստ կարելի է համարել: Հենակետային դիրքն ամրացնելու դեպքում կիսապաշտպանության այս եռյակը կարող է արդյունավետ գործել, իսկ հարձակման կրակագծում Մովսիսյանի ներկայությունը լուրջ խնդիրներ կառաջացնի մրցակցի պաշտպանների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր