00:00:00

Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը կառուցելու շինթույլտվությունը ստացել է 2009 թվականին (լուսանկար)

17:22, 09 հոկտեմբեր 2018

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Երևանում առանձնատուն կառուցելու շինթույլտվությունը  ստացել է ոչ թե 2018 թվականին, այլ՝ 2009 -ին։  Հիշեցնենք, որ օրեր առաջ Հետք-ը գրել էր, թե ավելի քան 10 տարի սեփականության իրավունքով իրեն պատկանող 2 հազար քառակուսի մետր հողակտորի վրա Սուրիկ Խաչատրյանը  կառուցել է եռահարկ առանձնատուն, սակայն շինթույլտվությունը ստացել է բոլորովին վերջերս՝ 2018 թվականի հունիսի 8-ին: Մինչդեռ Armday.am-ի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը փաստում է, որ Խաչատրյանը առանձնատուն կառուցելու շինթույլտվությունը իրականում ստացել է 2009 թվականին։ Կից ներկայացնում ենք նաեւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան փաստաթուղթը։ Ի դեպ հետաքրքիր է, որ գլխավոր դատախազությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել: «Սուրիկ Խաչատրյանը իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին նշված առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: «Դրա հետևանքով բացառվել է 357 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինության կառուցապատողին  օրենքով սահմանված կարգով դրա մեկ տոկոսի, այն է՝ 3.570.870 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստի առթիվ 2018թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները  չկատարելու),  որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին»,- ասված է գլխավոր դատախազության պատասխանում: Մինչդեռ ինչպես քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթից է ակնհայտ  դառնում Սյունիքի նախկին մարզպետը օրենքի շրջանակներում է իրականացրել շինարարություն։ Հետեւաբար պնդումներն այն մասին, որ առանձնատունը կառուցվել է անօրինական հիմունքներով, եւ ինչի համար հարուցվել է քրեական գործ անհիմն է։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյանների ունեցվածքը խոշորացույցով ուսումնասիրելու եւ դրանցում տարբեր ենթատեքստեր փնտրելու, քրեական տարբեր գործեր հարուցելու եւ դրանք հետո կարճելու փորձեր մեկ անգամ չէ, որ արվել են։ Սա ըստ էության հերթական դրսեւորումն է։ Հույս ենք հայտնում, որ քրեական գործեր «կարելու» եւ օրինականությունը՝ անօրինականության հետ շփոթելու հանգամանքը պարզապես նորընտիր իշխանությունների անփորձության հետեւանքն է։ Նյութի աղբյուրը՝ Armday.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր