00:00:00

Անցողիկ շեմն իջել է. ԱԺ-ում կլինի նվազագույնը 4 խմբակցություն. ԸՕ նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով

16:40, 09 հոկտեմբեր 2018

Ընտրական օրենսգրքի փոփոխություններով սահմանվում է, որ ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական,  ֆիքսված ցուցակներով, այսինքն ոչ ռեյտինգային ընտրակարգով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով, ռետինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես դա սահմանված է կառավարության ծրագրում. «Անցողիկ շեմը մեկական տոկոսով իջնելու է եւ սահմանվելու է՝ կուսակցությունների համար 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս: Նախատեսվում է, որ քաղաքական ուժերի նվազագույն քանակը, որոնք պետք է անցնեն խորհրդարան՝ անկախ անցողիկ շեմից, 4 է սահմանվում՝ ներկայիս 3-ի փոխարեն: Այսինքն սահմանվում է, որ առնվազն 4 քաղաքական ուժից է ձեւավորվելու հաջորդ խորհրդարանը»,-ասաց նա: Իոաննիսյանը նշեց, որ նաեւ մի քիչ փոխված են նախընտրական քարոզչության խաղի կանոնները. «Տրված են ավելի լայն հնարավորություններ հանրային ռեսուրսների հաշվին քարոզչություն իրականացնելու խաղի կանոնները՝ անվճար եթերաժամանակի քանակն է ավելացել, սահմանված է, որ պետք է լինեն հեռուստաբանավեճեր, որ դրանցից առնվազն մեկը պետք է լինի ցուցակների առաջին համարների մակարդակով: Սահմանված է նորմ, որ ԶՈՒ ծառայողների համար պետք է լինեն ավելի շատ հնարավորություններ նախընտրական ծրագրերին ծանոթանալու համար, մասնավորապես, հեռուստաբանավեճերը դիտելու առումով: Որոշակի փոփոխություններ նախատեսված են այն նորմերում, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները չեն կեղծվելու, օրինակ պատահականության սկզբունքով վերահաշվարկի հնարավորություն է տրվում»: Նրա խոսքով՝ օրինականության պահպանման հետ կապված արդեն շատ փոփոխություններ են եղել, մասնավորապես, քրեական դատավարության և վարչական իրավախախտումների մասին օրենքներում, որոնք նախատեսում են ավելի խիստ պատիժներ ընտրակեղծիքների համար։ «Նախատեսված է քրեական պատասխանատվություն ընտրական հանցագործությունների համար։ Օրինակ՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա նախկին 5-ի փոխարեն»,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի անգլերեն տարբերակն ուրբաթ օրն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։ «Այս երկու մարմինները փորձառու են, և իրենց տեսակետները շատ կարևոր է։ Այդուհանդերձ, այս փոփոխություններով, որոնք առաջարկվում են, իմպլեմենտացված են շատ առաջարկներ գործող ԸՕ-ի վերաբերյալ, որոնք նախկինում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի համատեղ առաջարկներում եղել են»,- նշեց Իոաննիսյանը։ Նա ընդգծեց, որ ժամկետների պատճառով որոշ առաջարկներ չեն ներառվել նախագծում, որոնց անդրադարձ կարող է լինել արդեն ԱԺ ընտրություններից հետո: Խոսքը, մասնավորապես, ՏԻՄ ընտրություններին վերաբերող դրույթների մասին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր