00:00:00

Նոբելյան մրցանակի դափնեկիրը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

23:55, 05 հոկտեմբեր 2018

25-ամյա եզդի Նադյա Մուրադը սարսափելի փորձություններ է վերապրել Իրաքում ԻՊ ահաբեկիչների մոտ գերի ընկնելով: Այնուամենայնիվ, այս փխրուն աղջիկը չի կոտրվել եւ որոշել է իր կյանքը նվիրել արմատական մարդասպանների ձեռքում հայտնված կանանց եւ աղջիկների փրկության պայքարին: Որպեսզի պատկերացնենք, թե ինչի միջով է անցել աղջիկը, մի հատված ներկայացնենք նրա «The Last Girl: My Story of Captivity and My Fight Against the Islamic State» գրքից: «ԻՊ զինյալները երկու շաբաթվա շրջապատումից հետո գրավեցին գյուղը: Ահաբեկիչները բոլոր բնակիչներին հավաքեցին դպրոցական բակում եւ հարցրեցին՝ ուզում են նրանք մուսուլմաններ դառնալ: Ներկաներից ոչ ոք չդավաճանեց իր կրոնին: Այդ ժամանակ զինյալները բոլոր տղամարդկանց ստիպեցին իրենց համար եղբայրական գերեզման փորել, որի մեջ զանգվածային մահապատժից հետո նետվեցին նրանց մարմինները: Երիտասարդ կանանց զինյալներն իրենց հետ տարան: Նրանց թվում էր նաեւ 21-ամյա Նադյան: Զինյալները նրան հայտնեցին, որ այսուհետ նա «Իսլամական պետության» սեփականությունն է եւ սեքս ստրկուհու  գործառույթներ է իրականացնելու, իսկ դաշտային հրամանատարներից մեկը ծխախտով այրեց նրա ուսը եւ որովայնը: Երբ Նադյային այլ աղջիկների մոտ տարան, որոնց նույն դաժան բաժինն էր հասել, նա իմացավ, որ գերուհիներից շատերը պատրաստ են ինքնասպան լինել, որպեսզի չհայտվեն ԻՊ-ի գերիների շուկայում: Փախուստի առաջին փորձից հետո, նրան մեկ շաբաթ ծեծում եւ բռնաբարում էին: Որոշ ժամանակ անց նրան հաջողվեց փախչել եւ նա սկսեց աշխարհին պատմել ԻՊ զինյալների վայրագությունների մասին: «Հայերը լավ են հասկանում եզդիներին, քանի որ նրանք էլ են նման ցավ վերապրել», - 2016 թվականի ապրիլին Երեւանում «Ցեղասպանության հանցագործության դեմ» երկրորդ համաշխարհային համաժողովին մասնակցելու ժամանակ լրագրողներին ասել էր Նադյան: «Ահաբեկիչները մինչ օրս սպանում են եզդի տղամարդկանց, գերի են վերցնում կանանց: Մոտ 10 հազար եզդիներ գերեվարվել են, սպանվել, սակայն մինչ օրս միջազգային կառույցները լուրջ քայլեր չեն ձեռնարկում նրանց փրկության համար», - պատմել է Նադյա Մուրադը, որը հրաշքով փրկվելուց հետո եզդիական ճամբարից մեկնել է Գերմանիա: Անցյալ տարի Մուրադը աշխարհին կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես միանում եմ հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին եւ բոլոր երկրներին կոչ եմ անում ճանաչել այդ ցեղասպանությունը», - Twitter-ում գրել է նա: Այսօր Իրաքը պատվում է Նադյա Մուրադին`որպես երկրի առաջին քաղաքացի, որը Նոբելյան մրցանակի է արժանացել: Սակայն Նադյայի համար այն ստանալու գինը չափազանց բարձր էր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր