00:00:00

Հայրենիքն ամեն գնով պետք է հեռու պահել ներքին վտանգավոր վայրիվերումներից. Արամ Ա

22:00, 04 հոկտեմբեր 2018

Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, պետք է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից: Այս մասին ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Նա, մասնավորապես, նշել է. «Մտահոգությամբ ենք հետեւում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը դիտողի կրավորական ու անտարբեր վիճակում չի կարող մնալ: Սփյուռքը Հայաստանի անանջատելի մասն է կազմում: Այն անելիք ու ասելիք ունի հայրենիքի դիմագրավող մարտահրավերների ու տագնապների նկատմամբ: Հայրենիքի ընդհանրական, մնայուն ու գերագույն շահերը պետք է վեր դասել անհատական կամ կուսակցական, կողմնակի կամ ժամանակավոր շահերից: Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, պետք է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից: Փոխադարձ ապստամբություններով, արհամարհանքով ու անվստահությամբ տիրապետված ներկայիս քաղաքական մշակույթը պետք է տեղի տա փոխադարձ սիրո, հանդուրժողականության, հարգանքի մշակույթին, ինչպես նաեւ բաժանարար մոտեցումները՝ միարար մտածողության ու հավաքական որոշումների դիմաց: 451-ին, բաժան-բաժան դարձած մեր ժողովուրդը, միասնական ոգով ու «վասն հայրենյաց» սրբազան նշանաբանով Հայաստանը պաշտպանեց Հազկերտից: Այսօր, երբ շրջապատված ենք նոր օրերի Հազկերտներով, մենք կոչված ենք ամուր հավատքով ու հավաքական հանձնառությամբ առավել հզորացնելու մեր հայրենիքը: Այսպիսով, նույն եւ մեկ ժողովրդի ու հայրենիքի սիրել՛ի զավակներ, եկեք միասնաբար քայլենք սիրո ու օրենքի ճամփով՝  փոխադարձ հարգանքով ու հասկացողությամբ, եւ մեր ժողովրդի միասնականությունն ու հայրենիքի անվտանգությունն ամեն բանից առաջ ու վեր դասելով: Այս է պատգամը մեր ժողովրդի դարավոր պատմության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր