00:00:00

Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա ենթադրելի է, որ կմասնակցեմ խորհրդարանական ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան

14:32, 31 օգոստոս 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հենարանը համարում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք հիշում են իր պաշտոնավարման տարիների հաջողությունները։ Այս մասին նա ասել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։ «Առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասաց Քոչարյանը։ Երկրորդ նախագահի դիտարկմամբ` իր պաշտոնավարման ժամկետի ավարտին հաջորդած 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ-ին, Հայաստանը շատ է փոխվել։ Հետևաբար ինքը քաղաքականություն վերադառնալով` հենարան է ընտրել այն հատվածին, որը կյանքի որակի իրական բարելավման է ձգտում։ «Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի` ինչ է անում, որը կարողանում է կառավարել, նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների։ Պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառերով կարող են հանդես գալ, կարող են ասել` ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, և մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կայունություն ապահովել երկրում և, իհարկե, անվտանգության հարցերը լուծել պրոֆեսիոնալ ձևով, հիմնովին և երկարատև»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։ Քաղաքականություն վերադառնալով` Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Թե ինչ ձևաչափով ու քաղաքական ինչ թիմով, վաղ է համարում խոսել` նշելով, որ դեռ երկար ժամանակ կա, և իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում և դեռ էլի փոփոխվելու է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր