00:00:00

Սպառնում եմ խաղաղ անհնազանդություն իրականացնել. Շահեն Հարությունյան

03:43, 31 օգոստոս 2018

Ո՞ւր է սերը և հանդուրժողականությունը կալանավորների նկատմամբ, եթե սիրո և համերաշխության հեղափոխություն է եղել: Յուրաքանչյուր կալանավոր պետք է զգա հեղափոխության շուրջը, պետք է համաներում լինի այդ մարդկանց նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով պահանջում է իր վարչապետ Նիկոլ Փաշինյանից ուշադրություն դարձնել իր հոր գործին: Շահեն Հարությունյանը հիշեցրել է, որ պատգամավոր եղած ժամանակ Ն. Փաշինյանը Շանթ Հարությունյանին քաղաքական բանտարկյալ է համարել, իսկ հիմա չի զբաղվում նման առաջնային հարցերով: «Ես սպառնում եմ իշխանություններին՝ դուրս գալ և խաղաղ անհնազանդություն իրականացնել, հետո հանկարծ Նիկոլը չկանգնի ուղիղ եթերի ժամանակ, ասի՝ դա սաբոտաժ է մեր դեմ»,-նշել է Շահեն Հարությունյանը՝ ժամանակ տրամադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին զբաղվելու իր հոր հարցով մինչև նոյեմբերի 7-ը, երբ նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:«Արժեքների հեղափոխություն արեք, պարո՛ն Փաշինյան, լուծե՛ք այս խնդիրները, երկիրը գնում է միակուսակցական դառնալու ճանապարհով, ով ձեր կուսակցությունից դուրս է, դառնում է ձեր թշնամին, անգամ ՀՀԿ-ականները չէին ասում «Հանրապետական» և վերջ: Մեր ժողովուրդը դեգրադացվում է ձեր «դուխով» մայկաների, գլխարկների միջոցով ևս: Նրանք հագնում են այդ գլխարկներն ու քարկոծում տարակարծիք ունեցող մարդկանց»: Նա նաև հայտարարել է, որ իր հայրը բանտում շատ վատ պայմաններում է գտնվում: Հիշեցնենք, որ «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Շանթ Հարությունյանի պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին: Հիշեցնենք, որ քաղաքական-հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, ձերբակալվել 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր