Օգոստոսի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպան Նգո Դիկ Մանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Մանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում։ Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Վիետնամի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։
Զրուցակիցները քննարկեցին երկու բարեկամ երկրների փոխգործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև ԵԱՏՄ և Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջև համագործակցության հեռանկարներին: Երկուստեք նշվեց, որ Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև փոխգործակցության հարթակը հնարավորություն է ընձեռնում նաև երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման և ամրապնդման համար։