00:00:00

Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

23:46, 28 օգոստոս 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ օգոստոսի 28-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԶՆ մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարարը հանձնարարել է հետևողական լինել համայնքներում հարկերի վճարման, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից  պարտքերի մարման գործընթացների նկատմամբ, նշելով, որ  որքան մեծ լինեն համայնքային բյուջեները, այնքան համայնքներում  ավելի շատ ծրագրեր կարելի է իրականացնել: Խորհրդակցության ընթացքում հերթական անգամ առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվել  համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացի նկատմամբ: Մասնավորապես` տեղեկացվել է, որ  նախորդ շաբաթ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանություն է ստացել 35 ծրագիր, քննարկման է ներկայացվել ևս 41-ը։ Ֆինանսավորման գործընթացներն արդեն մեկնարկել են 25 ծրագրի համար: Նախարարը կարևորել  է ծրագրի մասին հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման և այս ուղղությամբ արդյունավետ և համակարգված աշխատանքների կազմակերպման հարցերը: Ի թիվս օրակարգային մյուս հարցերի` քննարկվել  է  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում  սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպումը համայնքներում:  Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարևորվել է  շաբաթօրյակի հստակ սխեմաների, ինչպես նաև ըստ տարածքների պահանջվող տեխնիկայի վերաբերյալ հստակ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը: Խոսելով մարզային (համայնքային) ենթակայության սոցիալական աջակցության տարածքային մարմիններում նպաստառուներին  գումարների հատկացման գործընթացների օրինականության մասին` նախարար Պապիկյանը հորդորել է մարզպետներին  անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել իրավապահ մարմիններին` այս կառույցներում հնարավոր չարաշահումները բացահայտելու նպատակով: Հաշվի առնելով Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը` Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել ոռոգման նպատակով տրամադրվող ջրի քանակի, դրա նպատակային և համաչափ բաշխման հետ կապված հարցերը և մինչև ոռոգման սեզոնի ավարտը 10-օրյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին։ Այս համատեքստում  քննարկել գյուղացիական տնտեսություններին ոռոգման նպատակով ջուրը նպատակային օպտիմալ քանակով տրամադրելու, ինչպես նաև դրա այլընտրանքային տարբերակների վերաբերյալ հարցերը և արդյունքների մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել:  Ոռոգման ջրի վատնումները բացառելու նպատակով նախարարը հանձնարարել  է  Սևանից ջրառի մեկնարկին զուգահեռ մարզերում աշխատանքային խմբեր ձևավորել և տեղերում պարբերական այցեր իրականացնել: Խորհրդակցության ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ խնդիր է դրված հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներն ապահովել  պատշաճ պայմաններ ունեցող հասարակական զուգարաններով։ Մարզպետներին հանձնարարվել  է   ուսումնասիրել մարզի տարածքում, ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված առևտրի կետերում առկա հասարակական զուգարանների համապատասխանությունը «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի  պահանջներին և տեղեկացնել ուսումասիրության արդյունքների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր