00:00:00

ՄԻՊ-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ Երեւանի ավագանու ընտրություններում իրավունքների պաշտպանության նպատակով

19:36, 28 օգոստոս 2018

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՄԻՊ-ից հայտնում են, որ խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ինչպես նաեւ ապահովել բանավոր եւ գրավոր բողոքների պատշաճ քննարկումը: Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաեւ իրավական խորհրդատվության եւ քաղաքացիների ընդունելության, ինչպես նաեւ արագ արձագանքման այցերի համար: Բողոքների եւ հրապարակումների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության ներքո կլինեն լրագրողների եւ դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: Խմբի առաջնահերթ խնդիրն է սերտ համագործակցել իրավասու մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաեւ ընտրական գործընթացին ներգրավված՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Աշխատանքային խմբին հանձնարարված է նաեւ ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական մարմինների հետ: Ինչպես մշտապես, այնպես էլ ընտրական ողջ գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի անաչառության, հրապարակայնության ու թափանցիկության եւ Սահմանադրությամբ ամրագրված մյուս սկզբունքների հիման վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր