00:00:00

Ձեզ կոռեկտ պահեք, դուք չպետք է ինձ ասեք․ Բագրատյանը՝ Գաբայանին

17:21, 28 օգոստոս 2018

Շարունակվում է կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստը: Օրակրագում մեկ հարց է՝ Սևանա լճից 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու մասին նախագիծը: Հարցով հիմնական զեկուցողն էր Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, թե Գաբայանը չի ներկայացնում, թե նախորդ 100 մլն խորանարդ մետրն ինչ նպատակներով է օգտագործվել և ինչ արդյունավետություն ենք ունեցել: «Իմաստ ունեցե՞լ է, թե՞ ոչ 100 մլն լրացուցիչ ջրառ իրականացնել, հիմա դա չմարսած` Դուք բերել եք նոր 40 մլն-ի նախագիծ, իսկ ձեր հիմնավորումները շատ խոցելի և թույլ են: Ձեր ներկայացրած թվերով մենք 30-40% կորուստ ենք գրանցում և դա Դուք ընդունում եք հիմք՝ այս ջրառը կազմակերպելու համար»,- նշեց նա։ Բագրատյանը հակադարձեց ջրային կոմիտեի նախագահին, թե նա զեկուցելիս ասաց, որ 43 մլն խորանարդը չի բավարարում, ապա հետաքրքրվեց, այդ դեպքում ինչո՞ւ են 40 մլն-ի համար դիմում ԱԺ-ին: «Ի՞նչ է նշանակում այս պարբերականությամբ գնալը` 100 մլն բաց թողնել, հետո 40, հետո 30, այսպես մենք կորցնում ենք Սևանը: Սևանի այսօրվա ծանր վիճակով գալ և առանց հիմնավորումների ներկայացնելը լրացուցիչ ջրառի հարց, լուրջ չէ ձեր կողմից»,-շեշտեց նա: Գաբայանն էլ կոչ արեց Բագրատյանին հարցերը տալիս ավելի կոռեկտ արտահայտվել: «Անցյալ տարվա ջրառի համար Դուք հնարավորություն ունեիք հարցեր տալ անցյալ տարվա քննարկման ժամանակ: Ես այս պաշտոնին նշանակակվել եմ հուլիս 10-ից և այդ ժամանակի համար եմ պատասխան տալիս: Ջրային կոմիտեն մինչև հունիս ամիսը ներկայացրել էր 80 մլն ջրի դիֆիցիտ, մենք միայն 40-նն ենք Սևանից վերցնելու: Սա երկար քննարկումների արդյունք է, մենք ժամանակ չունենք այս թվերի մեջ խորանալու»,- ասաց նա: Բագրատյանին էլ դուր չեկավ Գաբայանի նկատողությունը: «Ձեր որակումները ձեզ պահեք: Դուք չպետք է ասեք՝ պատգամավորը ձեզ  պետք է կոռեկտ հարց տա, թե ոչ: Կոռեկտության կոչ ես ձեզ պետք է անեմ. առանց հիմնավորումների բերել եք նախագիծ, առանց ապացուցելու դրա անհրաժեշտությունը՝ ընդամենը ասում եք, որ 80 մլն են պահանջել և 40 ենք թույլ տվել, դա ծիծաղելի է: Սևանն ունի լուրջ խնդիր, և պարզ չէ՝ ջրառի արդյունքում մենք ինչ ենք ունենալու, մեկ գյուղացու խնդիր ենք լուծում, թե 50 հազարի»,- ասաց նա: Գաբայանն էլ հայտարարեց, թե դրանով 55 հազար գյուղատնտեսական ընտանիքի խնդիր են լուծում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր