Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարին ընդունել է ԱՀ իր գործընկեր Արայիկ Բաղրյանը: Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Հայկ Սայադյանը, քննարկվել են ոլորտի զարգացմանը միտված բազմաթիվ հարցեր, այդ թվում` Արցախի բժիշկների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և կադրային ապահովման հնարավոր քայլերը:
Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է երկու նախարարների աշխատանքային խմբերի շրջայցը հանրապետության Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի շրջանային բուժմիավորումներ:
Հադրութի շրջանում նախարարներն այցելել են Դրախտիկի բուժակամանկաբարձական կետ, Ազոխի գյուղական բժշկական ամբուլատորիա, ինչպես նաև Հադրութի շրջանային բուժմիավորում: Կայացել են հանդիպումներ բուժանձնակազմերի հետ, քննարկվել նրանց հետաքրքրող ու հուզող տարբեր հարցեր:
Նախարարները ներկա են գտնվել Հադրութի շրջանի Տող գյուղի հարակից տարածքում` ‹‹Նոր կյանք›› համալիրում, ‹‹Արցախի Երիտֆորում 2018››-ի մեկնարկին: Ջերմ և անմիջական մթնոլորտում ֆորումի մասնակիցները բարձրաձայնել են իրենց առաջարկները, քննարկել ոլորտային և տարաբնույթ հարցեր, նաեւ մեկտեղ ընթրել առողջապահական ոլորտի ղեկավարների հետ:
Թորոսյանն ու Բաղրյանն այցելել են նաև Շուշիի և Քաշաթաղի շրջանային բումիավորումներ:
Սա Արսեն Թորոսյանի երկրորդ այցն էր Արցախի Հանրապետություն: