00:00:00

Նոր զարգացում Հաց բերողի մահվան գործով. դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են

02:05, 24 օգոստոս 2018

«Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվան գործով նոր զարգացումներ են տեղի ունենում. նրա մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, գրում է armtimes.com-ը։ Կայքի ի պատախան ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները, նշանակվել փորձաքննություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում առանձին բուժաշխատողների կողմից նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Մասնավորապես՝ ստացվել է քրեական գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Հաշվի առնելով Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված հանրային մեծ հետաքրքրությունը՝ մասնավորապես՝ որն է եղել նրա մահվան պատճառը, հրապարկում ենք փորձաքննության եզրակացությունը: Համաձայն եզրակացության՝ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձույլ թոքաբորբով, օջախային շճային միոկարդիտով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, օղակված պորտային ճողվածքի եւ սուր բարակաղիքային օբտուրացիոն անանցանելիության կապակցությամբ կատարված վիրահատությամբ՝ որովայնահատմամբ, տարածուն շճային պերիտոնիտով, վիրուսային հեպատիտ «C»-ով, քրոնիկ հեպատիտի ֆոնի վրա լյարդի ոչ լրիվ սեպտալ ցիռոզով, ներքին օրգանների ծանր միկրոցիրկուլյատոր խանգարումներով, դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որոնք առկա են եղել Ա.Սարգսյանի մոտ կենդանության օրոք եւ մահվան անմիջական պատճառի հետ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ: Բացի այդ, քրեական գործով նշանակված երկրորդ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում մահվան անմիջական պատճառի հետ ուղղակի պատճառական կապի մեջ չգտնվող «Բեխտերեւի» հիվանդության եւ քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել: Սոնա Տռուզյանը մեր զրույցում նշեց, որ 21.12.2016թ-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Արթուր Սարգսյանի մոտ գրանցվել է քրոնիկական բրոնխիտի առկայություն, որի թարախային բնույթը հետագայում հաստատվել է 15.03.2017 թ–ին` «Արմենիա» ԲԿ-ում ֆիբրոսկոպիկ ինտուբացիա կատարելիս: Իսկ դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է թոքաբորբ, որի զարգացմանը կարող էր նպաստել շնչառական ֆունկցիայի խանգարմամբ ուղեկցվող «Բեխտերեւի» հիվանդությունը եւ որի առաջացման վաղեմությունը կազմում է մահվանից առնվազն` շուրջ 3- 4 օր առաջ: «Այսպիսով՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող որոշ աշխատակիցներ Արթուր Սարգսյանի «Բեխտերեւի» հիվանդության եւ քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չեն իրականացրել, այսինքն` իրենց մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել։ Ուստիեւ, քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն»,- ասաց ՔԿ նախագահի խորհրդականը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր