00:00:00

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությանը

14:32, 23 օգոստոս 2018

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը,  գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի,  օգոստոսի 22-ին այցելեց  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։ Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը: Իբրև Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի անդամ՝ Լիբանանի Հ.Յ.Դ կազմակերպության պատվիրակությունը վարչապետ Փաշինյանին փոխանցեց «Թավշյա հեղափոխության» հաջողության անհրաժեշտությունը և այդ առումով Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը։ Շեշտվեց, որ անխուսափելի խոչընդոտների և դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդային միասնությունը և գործակցային  ոգին՝ կանխելու  հաջողությանը խանգարող ցանկացած կասկածելի փորձ: Հ.Յ.Դ պատվիրակությունը Հայաստանի վարչապետին նաև փոխանցեց Լիբանանի հայության անցյալից փաստված պատրաստակամությունն ու վճռականությունը՝ գործնական արձագանքելու Արցախի ու Հայաստանի հզորացման  ջանքերին և միաժամանակ տագնապելու՝ այդ ճանապարհի վրա դրսևորվող որևէ բացթողումի կամ տատանումի ժամանակ: Վարչապետ Փաշինյանին փոխանցվեց նաև Դաշնակցության ներկայացուցիչների պատրաստակամությունը Հայաստանի և Լիբանանի տարբեր ոլորտների մեջ խթանելու տնտեսական, ընկերային, քաղաքական, մշակութային և զբոսաշրջային կապերը: Վարչապետ Փաշինյանը իր ուրախությունը հայտնեց կայացած հանդիպման կապակցությամբ, նշելով, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն, մանավանդ հեղափոխության ընթացքում նրանց ունեցած զորակցության քայլերի կապակցությամբ: Փաշինյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է երկխոսության ու գործակցության շարունակությունը և քաղաքական առողջ ուժերի միասնության ճիգի արդյունավորումը՝ ի սպաս  հեղափոխության հաջողության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր