00:00:00

Ավարտվել է Գավառ քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

21:13, 22 օգոստոս 2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ քաղաքի բնակիչ Հայրապետ Հերգնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչի: 2018թ. մարտի 4-ին Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում եւ գնում է տուն: Սակայն վերջինս այդպես էլ տուն չէր հասել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել էր անհասանելի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գավառի 49-ամյա բնակիչը Գավառի կենտրոնական հրապարակի վրա գտնվող հանրախանութի մոտ հանդիպել է Հ.Հերգնյանին, ով խոսակցության ընթացքում 49-ամյա տղամարդուց պահանջել է վերադարձնել նախկինում իրենից վերցրած պարտքով գումարը: Այնուհետեւ Գավառի բնակիչները նստել են 49-ամյա տղամարդու՝ պարտապանի «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, որտեղ նրանց միջեւ պարտքի գումարի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշոցի։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Հ.Հերգնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 49-ամյա տղամարդը բռունցքով ուժգին հարվածել է նրա դեմքի ձախ այտային մասին` պատճառելով պարանոցային երկրորդ ողի կոտրվածք, հոդախախտ, ողնաշարի պարանոցային հատվածի հարողնաշարային փափուկ հյուսվածքների, մկանների արյունազեղումներ, ողնուղեղի վնասումով, ողնուղեղի, ողնուղեղի փափուկ եւ կարծր թաղանթների արյունազեղումներ, որի հետեւանքով վերջինս մահացել է: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մեքենայով դին տեղափոխել է Գավառ քաղաքին հարակից «Ազատ» կոչվող աղբանոցի տարածք, որտեղ փոս է փորել, դիակի վրա բենզին լցրել ու այրել, ապա՝ ծածկել հողով: Պարզվել է նաեւ, որ 49-ամյա տղամարդն առերեւույթ հափշտակել է նաեւ սպանության զոհի՝ Հերգնյանի մոտ առկա գումարը, ոսկյա մատանին եւ ձեռքի ժամացույցը: Բացի այդ, 49-ամյա տղամարդու բնակության վայրում, քրեական գործով կատարված խուզարկությամբ, տան նկուղային հարկում՝ վերջինիս աշնանային բաճկոնի գրպանում, հայտնաբերվել է պրեկուրսոր՝ 0,00291 կգ քացախաթթվի անհիդրիդ՝ պահված 5 մլ տարողությամբ պլաստմասե ներարկիչի մեջ: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է նաեւ, որ Գավառի 49-ամյա բնակիչը կեղծ ցուցմունք է տվել՝ ասելով, թե 2018 թվականի մարտ ամսին Գավառի քաղաքային աղբանոցում Հ.Հերգնյանի դիակի իրական տեղը ցույց չտալու պատճառով ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետեւանքով որովայնի եւ մեջքի շրջաններում ստացել է մարմնական վնասվածքներ, որոնց մի մասը, իբր, ժամանակի ընթացքում անհետացել են: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոստիկանության աշխատակիցներին վերագրվող, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, իսկ 49-ամյա տղամարդը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրել է ոստիկանության աշխատակիցներին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 333-֊րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր