00:00:00

Գյուղաբնակները կպահանջեն Մալիշկայի համայնքապետի հրաժարականը․ տեղի կունենա բողոքի ակցիա

02:41, 22 օգոստոս 2018

Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի բնակիչները պատրաստվում են վաղը՝ օգոստոսի 22-ին գյուղում իրականացնել բողոքի ակցիա՝ ընդդեմ գործող գյուղապետ Մհեր Մովիսյանի։ Այս մասին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից մեկը։ Գյուղաբնակները հայտարարում են, որ ակցիայի ժամանակ պահանջելու են գյուղապետ Մհեր Մովսիսյանի հրաժարականը։ «16 տարի ինքը ղեկավարում է գյուղը, սակայն համայնքի համար որեւէ բան չի արել։ Մեր գյուղի ջուրն անգամ մեզ վրա փողով է ծախում։ Գյուղը գազաֆիկացված չէ»,- նախատեսվելիք ակցիայի մասին մեզ հետ զրույցում իրազեկեց գյուղի բնակիչներից մեկը։ Մալիշկա համայնքի բնակիչները հայտարարում են, որ մեկ մարդու նման ոտքի են կանգնելու, որպեսզի պահանջեն Մհեր Մովսիսյանի հրաժարականը, ում դեմ հարուցված քրեական գործ կա։ Գյուղաբնակները ասացին, որ համայնքի բյուջեն եւս անարդյունավետ է ծախսվել, ինչի մասին առավել մանրամասն եւ փաստերով կխոսեն արդեն վաղը՝ բողոքի ակցիայի ժամանակ։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ գյուղապետը Հանրապետականի օգտին ձայներ ապահովելու նպատակով ԱԺ պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 միլիոն դրամ, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10-հազարական դրամ մեկ ձայնի դիմաց: Ապահովելով շուրջ 800 ձայն, ըստ նախնական պայմանավորվածության, ԱԺ պատգամավորի նույն թեկնածուին վերադարձրել է 500 ձայնի դիմաց հաշվարկված 5 միլիոն դրամ գումարը։ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու եւ Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։ Հավելենք, որ ոստիկանությունը նաեւ այլ նյութերի մանրամասներ է հայտնում։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով, որոնց մասնակցել են նաեւ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի ծառայողները, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։ Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձեւակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել եւ մինչեւ այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Պարզվել է նաեւ, որ 2017 թվականին Մալիշկա համայնքի ղեկավարը եւ համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձեւակերպել ու դուրս են գրել 410.000 դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխացվել են հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։ Ի դեպ հարուցված քրեական գործի եւ գյուղաբնակների դժգոհությունների վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ գյուղապետից, սակայն վերջինս լսելով հարցը, հայտարարեց, որ իրավապահներն են զբաղվում եւ հեռախոսն անջատեց։ Հետագայում մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր