00:00:00

Զ. Մնացականյանը ընդունել է Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին

01:32, 22 օգոստոս 2018

Օգոստոսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական բաժնից: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունները զարգացում են ապրել, ընդլայնվել է քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը։ ԱԳ նախարարն ընդգծեց Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ առավել խորացնելու երկկողմ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Կողմերը համակարծիք էին, որ Հայաստանի և Իսրայելի միջև առկա է առևտրատնտեսական մեծ ներուժ, ինչը համատեղ քայլերով հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել: Զրուցակիցներն անդրադարձան զարգացման օրակարգի շուրջ համագործակցության խորացման հեռանկարներին, կարևորեցին մշակութային, գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Նախարար Մնացականյանը ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնությունները՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելման գործում կրթության դերին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին՝ ԱԳ նախարարը նշեց, որ դա առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։ Նախարար Մնացականյանը և Ալեքսանդր Բեն Ցվին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին և Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ տվյալ հարցում Հայաստանի և Իսրայելի դիրքորոշումները համընկնում են․ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի արդյունավետության առումով երկուստեք ընդգծվեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ մեր գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր