Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է, ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կավարտվի սեպտեմբերի 21-ին:
Երեւանի քաղաքապետ դառնալու ցանկություն այս պահին հայտնել է 9-ը թեկնածու։
Irakanum.am-ը ներկայացնում է թեկնածուներին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է հեղափոխությունից հետո այդ կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանը։
ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա մասնագիտությամբ լրագրող է։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է կուսակցության ղեկավար Զարուհի Փաստանջյանը։
ԵԼՔ-ի (կազմված Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցություններից) թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է:
«Երեւանի հանրություն» նախաձեռնությունը եւ «ԳԱԼԱ» կուսակցությանը Երեւանի քաղաքապետի թեկնածու են առաջադրելու ճարտարապետ Անահիտ Թարխանյանին: Վերջինս Անդրեաս Ղուկասյանի կինն է։ Չնայած այն հանգամանքին, որ Ղուկասյանը «Հայ կառուցողական» կուսակցության նախագահն է, սակայն կինը առաջադրվում է այլ կուսակցությունով։
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հայտարարել է, որ մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին:
«Ժողովրդական ուղի» կուսակցության թեկնածուն Մանուել Գասպարյանն է։
Նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կինոռեժիսոր Արտակ Ավետյանն է:
«Հայոց համազգային շարժման» ավագանիների թեկնածուների ցանկն էլ գլխավորելու է պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի քաղաքապետի ընտրություններին, ՀՅԴ-ից ցանկություն ունեն, բայց դեռ թեկնածուների մասին չեն խոսում, իսկ ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցելու: