00:00:00

Փաշինյանի օգնականը ներկայացե՞լ է փոխվարչապետի անունով եւ խոսել վարչապետի անունից․ զոհված զինվորի մորը լսելու ժամանակ չունեն

17:50, 13 օգոստոս 2018

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Ժորո Եսայանի մայրը՝ Մարինե Հակոբյանը հայտարարում է, ցանկացել է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մերժում է ստացել։ Մարինե Հակոբյանը Armday.am-ի հետ զրույցում ասաց, որ փոխվարչապետը (թե երեք փոխվարչապետերից ով է եղել տիկինը չի հիշում) ի պատասխան իր հեռախոսազգի, հայտնել է, թե Փաշինյանը ժամանակ չունի նրան ընդունելու։

«Հուլիսի 18 -ին ինձ փոխանցել են Ալիկի հեռախոսահամարը, ով պետք է գրանցեր ինձ և ապրիլյան քառօրյայում զոհված զինվորների այլ ծնողների, վարչապետի մոտ մտնելու համար: Անցել էր երևի 15-20 օր, ես նորից զանգեցի Ալիկին, ասաց,  որ Սանկտ-Պետերբուրգ են մեկնում, երբ որ վերադառնանք վարչապետը կհանդիպի: Օգոստոսի 9-ին որդուս՝ Ժորայի,  ծննդյան օրն էր, մեծ շուքով նշվում էր գյուղում, ու երբ  տուն վերադարձանք խաչքարի մոտից, զանգ եկավ վերցրեցի, զանգահարողը ներկայացավ, որպես փոխվարչապետ, և խոսելու ընթացքում ես այնքան նեղվեցի, որ չիմացա փոխվարչապետերից որ մեկն էր զանգողը, ասաց ինչ խնդիր ունեք, ես ասացի մենք մեր խնդիրը անձամբ վարչապետին պետք ա ասենք, որովհետև դա  այնպիսի  խնդիր է, որ մենք պետք է նայենք նրա աչքերի մեջ, ու նա պետք է խոսք տա, որ պատժվելու են մեղավորները, մեր խնդիրը դա է»,- պատմեց Մարինե Հակոբյանը: Փոխվարչապետն էլ ըստ նրա  փոխանցել է, որ Փաշինյանը մոտակա ամիսներին  ժամանակ չունի և չի կարող  իրենց ընդունել։  «Ես ասեցի ոնց կարո՞ղ է  մեր համար ժամանակ չունենա, էն էրեխեքի ծնողների համար, որ իրենք կյանքը նվիրել  են հայ ազգին»,- շարունակեց զոհված զինվորի մայրը։

Մեր այն հարցին,  թե ինչ պատասխանեց փոխվարչապետը, տիկին Մարինեն պատասխանեց, որ ինքը չի լսել պատասխանը և նյարդայնացած անջատել է: Այնուհետև զոհված զինվորի մայրը ավելացրեց. «Էսօր, որ թոշակներ է բարձրացնում մեր խնդիրը չի լուծվում, մեր ցավը չի վերանում, թող պատժի մեղավորներին: Ես նույնիսկ իմ երեխայի դեմքը չեմ տեսել, այդ 18 հոգու մեջ է եղել, խոշտանգված բերել, ինձ են տվել: Ո՞վ  մատաղ արեց մեր էրեխեքին թող էդ հարցերը լուծի, ոչ թե թոշակ բարձրացնի, մենք դրանից չենք սփոփվելու»:

Հարցին, թե նորից փորձել է կապ հաստատել վարչապետի հետ մեր զրուցակիցն ասաց, որ այնքան է վիրավորված, որ արդեն ցանկություն էլ չունի հանդիպել վարչապետի հետ: Մարինե Հակոբյանը վերջում հավելեց․  «Արդեն 2 ամիս է ծնողները նամակներ են ուղղարկել, որ ինքը ընդունի իրենց, բայց ինքը 1 ժամ ժամանակ չի գտնում, որ հանդիպի էն երեխքեր ծնողների հետ, ովքեր երկրորդ եղեռնը կանխեցին, ինքն անձամբ պետք է հրավիրեր, ոչ թե մենք խնդրեինք, այսքանից հետո եթե ինքը մարդ ա, էս ժողովրդի համար ա մտածում ինքը պետք է մեզ ընդունի»:

Ժորա Եսայանի մայրը  մեզ փոխանցեց նաեւ  այն հեռախոսահամարը, որով իրեն զանգել է փոխվարչապետը օգոստոսի 9-ին՝ 010515789:

Armday.am պարզեց, որ տվյալ հեռախոսահամարը գրանցված է վարչապետի օգնականներից Նաիրի Սարգսյանի անվան դիմաց։ Այն զետեղված է կառավարության պաշտոնական կայքում։ Թե ինչու է Սարգսյան Նաիրին փորձել ներկայանալ վարչապետի անունից, եւ կամ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ է կատարվածից կպարզենք առաջիակում։

Վերջում հավելենք, որ տեղի ունեցածի առնչությամբ Armday.am-ին պարզաբանում է ներկայացրել վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ Մեկնաբանությունը՝ քիչ անց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր