2018-ի հոկտեմբերից հանրակրթական դպրոցներում կներդրվի աբոնենտային համակարգը: Այն միտված է խթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Համակարգի ընդհանուր սկզբունքները ՀՀ մշակույթի նախարարը քննարկել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը:
«Երեխան առնվազն վեց տարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով, առանց որևէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն»,- նշել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը:
Նախարարի տեղեկացմամբ, համակարգը կներդրվի հանրապետության դպրոցների աշակերտների թիվը հստակեցնելուց հետո, քանի որ մշակութային երեք հաստատություն (թատրոն, թանգարան կամ պատկերասրահ և համերգասրահ) մեկանգամյա այցելության համար նախատեսված աբոնեմենտները թողարկվելու են դպրոցականների ճշգրիտ թվին համապատասխան:
Նախարար Լիլիթ Մակունցն ու փոխնախարար Նազենի Ղարիբյանը լսել են թանգարանների պատասխանատուների դիտարկումներն ու առաջարկությունները նոր համակարգի վերաբերյալ:
Դպրոց-մշակութային օջախ կապը խթանելը լավ է, սակայն հետաքրքիր է՝ արդյո՞ք լիովին կբացառվի աբոնենտների անվան տակ դրամահավաքի իրականացումը: Մի երևույթ, որ տարիներ շարունակ եղել է կրթական հաստատություններում: