00:00:00

Այսօր Աստվածածնի Վերափոխման տոնն է

16:18, 12 օգոստոս 2018

Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ օգոստոսի 12-ին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Աստվածածնի Վերափոխման տոնի Սբ. Պատարագին հաջորդում է խաղողօրհնեք: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ. Կույսը նաեւ պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին եւ խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել եւ երեսին դրել, այնուհետեւ թրջել արցունքներով եւ Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից եւ զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երեւացել: Սենյակի վերեւում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր