- Հանցավորության դեմ պայքարն, իհարկե, պետության կարևորագույն հանձնառություն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտնձգություններից:
- Քրեական գործով ցանկացած ընթացակարգի անկյունաքարային պահանջ է անմեղության կանխավարկածի՝ որպես արդար դատաքննության իրավունքի կարևորագույնբաղադրիչի պահպանումը: Սա ենթադրում է, որ բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում:
- Անթույլատրելի են նաև պետական մարմինների կողմից իրավական բովանդակությունից զուրկ և քրեական վարույթին առնչություն չունեցող այնպիսի ձևակերպումներն ու գնահատականները, որոնք կարող են հասարակության մոտ զգայական արձագանքներ առաջացնել կամ անմիջականորեն նպաստել դրանց ձևավորմանը:
- Սրանք արդար դատաքննության իրավունքի կարևորագույնբաղադրիչի՝ անմեղության կանխավարկածի պահանջներն են: Դրանց չպահպանումը կարող է արժեզրկել հանցավորության դեմ պայքարի նպատակները և խաթարել արդարադատության ողջ գործընթացը:
- Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի հետ կապված ուսումնասիրությունները վկայում են, որ պաշտոնատար անձինք անում են հայտարարություններ ու տալիս գնահատականներ, որոնք ակնհայտորեն առաջացնում են անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներայն պայմաններում, երբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Արդյունքում, առաջանում է հանրային բարձր ճնշում դատարանի նկատմամբ:
- Սա այն գործոններից է, որ նպաստել է նաև փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ սխալ ընկալումների ձևավորմանը, սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված վիրավորական մեկնաբանություններին ու նույնիսկ սպառնալիքներին: Այսպիսի մեկնաբանություններ են արձանագրվել նաև իրավապաշտպան գործունեություն իրականացնող մի շարք անձանց կողմից:
- Դիտարկումը վկայում է, որ առկա են նման ընկալումների խորացման վտանգավոր միտումներ՝ առավել ևս հաշվի առնելով, որ ակնհայտորեն ավելացել է այն անձանց թիվը, ովքեր ընգրկված են սոցիալական ցանցերում քննարկումներին: Ընդ որում, զգալի թիվ են կազմում նաև առերևույթ կեղծ օգտատերերը, ում մեկնաբանություններն առանձնանում են ագրեսիվությամբ: Այս ամենն իր հերթին հանգեցրել էայլակարծության հանդեպ անհանդուրժողականության խորացման:
- Միջազգային իրավաբանությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեծ պատասխանատվություն է դնում պետությունների վրա նման իրավիճակ թույլ չտալու համար: Անգամ, եթե պետությունն ինքը չի նպաստել հասարակական կանխակալ ընկալումների ձևավորմանը, միևնույնն է՝ այդպիսի իրավիճակի դեպքում պարտավոր է համապատասխան մարմինների միջոցով գործադրել առավելագույն ջանքեր իրավիճակը մեղմելու համար: